Լեհաստանի ներքին անվտանգության ծառայությունը ձերբակալել է վեց անձի՝ զենքի և զինամթերքի արտադրության համար բաղադրիչներ գնելու և Ռուսաստան ապօրինի փոխադրելու կասկածանքով։ Կասկածյալների թվում են Ռուսաստանի 37-ամյա մի քաղաքացի կին և 25-52 տարեկան հինգ լեհեր, հինգշաբթի հայտնել է Լեհաստանի հատուկ ծառայությունների աշխատանքը համակարգող նախարար Տոմաշ Սեմոնյակը։
Onet պորտալի տվյալներով՝ ձերբակալությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 2-ը երկրի երեք շրջաններում՝ 21 հասցեներում անցկացված խուզարկությունների ընթացքում։
Քննության վարկածով՝ կասկածյալները համացանցով պարկուճներ և զինամթերք են ձեռք բերել, ապա առանց անհրաժեշտ թույլտվությունների դրանք արտահանել Ռուսաստան։ Փոխադրման համար նրանք օգտագործել են հատուկ սարքավորված թաքստոցներով ավտոմեքենաներ, հայտնել է դատախազության ներկայացուցիչը։ Նա նշել է, որ կասկածյալները բազմիցս հատել են լեհ-ռուսական սահմանը, իսկ բեռների մի մասը սահմանապահները կասեցրել են։
Ձերբակալվածների նկատմամբ հետաքննություն է սկսվել զենքի արտադրանքի ապօրինի արտահանմամբ զբաղվող հանցավոր խմբի մասնակցելու գործով։
Կասկածյալներից չորսը մեղադրվում են նաև լրտեսության մեջ։ Քննության վարկածով՝ նրանք գործել են ռուսական հետախուզության շահերից ելնելով՝ ձգտելով ֆինանսական օգուտ ստանալ և միաժամանակ ամրապնդել Ռուսաստանի ռազմական ներուժը։
Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանը շարունակում է մնալ Ուկրաինայի առանցքային քաղաքական և ռազմական դաշնակիցներից մեկը։ Լայնամասշտաբ հակամարտության սկզբից ի վեր երկիրն ընդունել է գրեթե մեկ միլիոն ուկրաինացի փախստականի։ Վարշավան ռուսական և բելառուսական հատուկ ծառայություններին բազմիցս մեղադրել է Լեհաստան գործակալներ ներթափանցեցնելու փորձերի մեջ։