Ալբանիայում տուգանել են հակակառավարական բողոքի ակցիաների 83 մասնակցի

Ալբանիայի ոստիկանությունը վերջին մի քանի օրվա ընթացքում տուգանել է Տիրանայում հակակառավարական բողոքի ակցիաների 83 մասնակցի։ Նրանցից յուրաքանչյուրը պետք է վճարի 5 հազար ալբանական լեկ (մոտ 55 եվրո)՝ ճանապարհները փակելու և տրանսպորտային միջոցների երթևեկությունը խոչընդոտելու համար, հայտնում է Balkan Insight-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին։

Միայն չորեքշաբթի երեկոյան տեղի ունեցած ակցիայից հետո ոստիկանությունը 31 անձի տուգանք է նշանակել։ Ավելի վաղ՝ երեքշաբթի և չորեքշաբթի, տուգանվել էր ևս 52 մարդ։

Նոր միջոցներն ուժի մեջ են մտել հոկտեմբերի 28-ին՝ վարչապետ Էդի Ռամայի նախաձեռնությամբ, որը դրանք անվանել է բռնության և «քաղաքային անարխիայի» դեմ ուղղված միջոցառումների փաթեթ։ Օրենսդրությունը տուգանքներ է նախատեսում ոստիկանության պահանջներին չենթարկվելու, չարտոնված հավաքներին մասնակցելու և դիմակներով դեմքը թաքցնելու համար։ Իրավապահների պահանջով ցրվելուց հրաժարվելու համար տուգանքը կարող է հասնել 5 հազար եվրոյի։

Սակայն իրավապաշտպանները մտավախություն ունեն, որ նոր կանոնները հնարավորություն կտան պատժել խաղաղ ցուցարարներին և սահմանափակել հավաքների սահմանադրական իրավունքը։ Երեքշաբթի քաղաքացիական հասարակության 15 կազմակերպություն խորհրդարանին կոչ է արել արգելափակել օրենքի կիրառումը։ Նրանք ընդգծել են, որ անկարգությունների առանձին մասնակիցների գործողությունները չպետք է հիմք դառնան բոլոր ցուցարարներին հավաքական պատժի ենթարկելու համար։

Լուսանկարիչ և ակտիվիստ Մեյ Սևան BIRN պարբերականին պատմել է, որ տուգանվել է վարչապետի գրասենյակի մոտ անցկացված ակցիային մասնակցելուց հետո։ Նրա պատմելով՝ դիմակավորված ոստիկանը խնդրել է ներկայացնել փաստաթղթերը, ապա տուգանել է իրեն՝ ճանապարհը ենթադրաբար փակելու համար։ Մեյ Սևան իշխանությունների գործողությունները բողոքի ակցիաների մասնակիցներին վախեցնելու փորձ է որակել։

Ալբանիայում ցույցերը սկսվել են մայիսի 31-ին՝ Զվերնեցում պահպանվող բնական տարածքում շքեղ զբոսաշրջային հանգստավայր կառուցելու նախագծի պատճառով։ Նախագիծը կապում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ։ Հետագայում բողոքի ակցիաների մասնակիցները սկսել են պահանջել նաև Ռամայի կառավարության հրաժարականը՝ նրան մեղադրելով կոռուպցիայի և տնտեսության անարդյունավետ կառավարման մեջ։

Հոկտեմբերին ոստիկանության և ակցիաների երիտասարդ մասնակիցների միջև բախումները հաճախացել են։ Ռաման մերժում է հրաժարականի պահանջը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *