Իրանի արտաքին գործերի նախկին նախարար, երկրի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով նախկին խորհրդական Ալի Աքբար Վելայաթին կտրուկ քննադատության է ենթարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը։ Իրանական «Ettelaat» թերթում հրապարակված՝ «Բաց և անկեղծ՝ պարոն վարչապետին» վերնագրով հոդվածում նա հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների գործողությունները հանգեցնում են երկրի՝ Արևմուտքից, մասնավորապես՝ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից կախվածության ուժեղացմանը։
Վելայաթին իր դիրքորոշումը ներկայացրել է 25 կետով։
«Որքանով ինձ հայտնի է, հայերի և իրանցիների հարաբերությունների երկարատև պատմության ընթացքում՝ ավելի քան երկու հազար տարվա համատեղ փոխգործակցության ընթացքում՝ սկսած Պարթևական թագավորության ժամանակներից, երբեք նման շեղումներ չեն արձանագրվել։
Արտաքին գործերի նախարարի պաշտոնում իմ աշխատելու տարիներին ես այցելել եմ Հայաստան, իսկ Երևանից մեկնել եմ Էջմիածին՝ հայերի կրոնական կենտրոն։ Այնտեղ հանդիպել եմ հայ նշանավոր հոգևոր գործիչների, եպիսկոպոսների և քահանաների հետ։
Այնտեղ ես տեսա երկու եկեղեցի։ Դրանցից մեկը հոգևորականների նստավայրն էր, որտեղ հանդիպեցի հայ հոգևորականների հետ։ Դիմացը գտնվում էր մեկ այլ եկեղեցի, որը կառուցել էր մեծ շահ Աբասը։ Այն շատ գեղեցիկ և տպավորիչ էր։
Երբ ուսանող էի և առաջին անգամ այցելեցի Սպահան, գնացի Ջուղա թաղամաս և տեսա շահ Աբաս Սեֆևիի՝ հայերի համար կառուցած Վանքի տաճարը։
Երկու երկրների հարաբերություններն ուսումնասիրելիս երբեք դրանցում մութ էջեր չեմ նկատել։
Ռուս-իրանական երկրորդ պատերազմի ժամանակ, որն ավարտվեց Թուրքմենչայի պայմանագրի ստորագրմամբ, Հայաստանը անջատվեց Իրանից և դարձավ Ռուսաստանի մաս։
Վերոնշյալ իրադարձություններից հետո Իրանը երբեք ոտնձգություն չի կատարել այդ երկրի և նրա ժողովրդի անկախության նկատմամբ։ Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերությունները միշտ բարեկամական են եղել։
Ես ծանոթ եմ հայկական քաղաքական կուսակցություններին և խմբավորումներին, անձամբ հանդիպել եմ դրանց որոշ առաջնորդների հետ։ Իրանում հայ փոքրամասնությունը թե՛ հեղափոխությունից առաջ, թե՛ դրանից հետո միշտ հարգանք է վայելել։ Հայերն Իսլամական Հանրապետության խորհրդարանում երկու ներկայացուցիչ ունեն։
Խորհրդային Միության փլուզումից և 15 անկախ հանրապետությունների ձևավորումից հետո Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերությունները նախկին խորհրդային բոլոր հանրապետությունների հետ եղել են բարեկամական և բնականոն, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանցից ոմանք անբարյացակամ վերաբերմունք են դրսևորել։
2018 թվականի, այսպես կոչված, թավշյա (կամ գունավոր) հեղափոխության ժամանակ Նիկոլ Փաշինյանը, հետևելով որոշ այլ հանրապետությունների, օրինակ՝ Ղրղզստանի և Վրաստանի օրինակին, փորձեց տապալել Հայաստանի նախկին իշխանությանը, որը սերտորեն համագործակցում էր Մոսկվայի հետ։
Նիկոլ Փաշինյանի նոր կառավարության գործունեության վնասակար հետևանքներից մեկը Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև թշնամանքի սրումն էր, որն այսօր ավելի սուր բնույթ է ստացել, քան երբևէ։
Սակայն վերջին շրջանում պարոն Փաշինյանը քայլեր է ձեռնարկել, որոնք Հայաստանին ոչինչ չեն բերի, բացի պառակտումից և խնդիրներից։
Հայ ժողովրդի շահերի դեմ ուղղված բացասական գործողությունների ամբողջությունը կարելի է համառոտ բնութագրել որպես արևմտյան քաղաքականությանը, հատկապես՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի քաղաքականությանը ենթարկվելու ուժեղացում՝ լիբերալ-ժողովրդավարական համակարգի շրջանակում, որտեղ չկա ո՛չ իրական լիբերալիզմ, ո՛չ էլ ժողովրդավարություն։
Փաշինյանի վարքագիծը, հաշվի առնելով նրա բարդ անցյալը, Հարավային Կովկասում թշնամանքի և լարվածության նոր էջ է բացում։
Ավելի քան ութ տարի նա կապեր է պահպանել և՛ բաց, և՛ գաղտնի բանակցություններ վարել բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որոնք հավակնում են պահպանել անվտանգությունը կամ, ընդհակառակը, խաթարել այն։
Այսօր նրա հարաբերություններն Ադրբեջանի Հանրապետության, Իրանի, Թուրքիայի և, հնարավոր է, ապագայում նաև Վրաստանի հետ անկայուն են և անկանխատեսելի։
Նրա վերջին քայլը հազար դեմք ունեցող մարդու (Թրամփի) անհիմն և չմտածված առաջարկի հավանությունն էր՝ Զանգեզուրի միջանցքը «Թրամփի ուղի» կամ TRIPP վերանվանելու վերաբերյալ։
Երկու առանձին հանդիպումների ընթացքում՝ Թեհրան ժամանած Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի և Թեհրանում Հայաստանի դեսպանի հետ, ես նրանց ուղղակիորեն ներկայացրի իմ դիրքորոշումը։
Ես նրանց ասացի հետևյալը. Իրանի Իսլամական Հանրապետությունը տեղյակ է Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի խնդիրներին։ Հետևաբար, Հայաստանը կարող է սխալ հաշվարկ կատարել և որոշել, որ Ուկրաինայի պատերազմում Ռուսաստանի ներգրավվածության պատճառով վերջինս ավելի քիչ ուշադրություն կդարձնի Հարավային Կովկասի անվտանգությանը։
Հենց այդ պատճառով էլ հարցազրույցներից մեկում հայտարարել եմ, որ Իրանը՝ Ռուսաստանի հետ կամ առանց նրա, իրեն պատասխանատու է համարում Հարավային Կովկասի անվտանգության ապահովման համար։ Ինչպես մեծ Կյուրոսի ժամանակներից մինչև մեր օրերը, Կովկասը՝ մինչև Դաղստանի Դերբենդը, Իրանի համար ծառայել է որպես անվտանգության բուֆեր։
2021 թվականի հունիսին Թեհրանում կայացած Աստանայի գագաթնաժողովի ժամանակ, որին ինձ պատիվ էր վիճակվել ներկա գտնվել հանգուցյալ հոգևոր առաջնորդի կողքին (Ալլահը լուսավորի նրա հոգին), նա առավոտյան պարոն Էրդողանի, իսկ երեկոյան՝ պարոն Պուտինի հետ հանդիպումների ընթացքում ուղղակիորեն հայտարարել է.
«Մենք դեմ ենք Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը»։
Հանգուցյալ հոգևոր առաջնորդի ռազմավարական հայտարարությունները արտաքին քաղաքականության և երկրի համար կարևորագույն հարցերի վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության համար կարմիր գիծ են։
Վերոնշյալ երկու հանդիպումներից հետո Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերն անցկացրել են բավականին լայնածավալ զորավարժություններ։ Այդ ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հանգուցյալ պետն այցելել է գործողության անցկացման շրջան՝ այդ ուժն ու վճռականությունը ցուցադրելու համար։
Վերջինս ես ուղղակիորեն ասել եմ Հայաստանի դեսպանին. եթե Թրամփն ու նրա դաշնակիցները փորձեն հատել Իրանի այդ կարմիր գիծը, մենք նրանց ոտքերը կկոտրենք։
Անցած շաբաթվա վերջին Հայաստանի խորհրդարանը հավանություն տվեց այս միջանցքի կառուցմանը։ Ի՞նչ է նշանակում այս քայլը։
Նիկոլ Փաշինյանի և նրա հետևորդների այս անպտուղ գործողությունն իսկապես նվաստացման պատճառ կդառնա հայ արժանապատիվ ժողովրդի համար, որն ունի քաղաքական չափավորության և ողջամիտ մոտեցման երկարամյա ավանդույթ»։