Գործարար Իլոն Մասկը արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի քննադատությանը՝ վերահրապարակելով մի գրառում, որում նշվում է, որ SpaceX-ը սխալ է գործել՝ պատերազմի սկզբում Ուկրաինային անվճար Starlink սարքավորումներ և ծառայություններ տրամադրելով։ Այս մասին գրում է ТАСС-ը։
«Հետադարձ հայացք գցելով՝ SpaceX-ը սխալ է թույլ տվել՝ պատերազմի սկզբում Ուկրաինային ուղարկելով հազարավոր անվճար Starlink ալեհավաքներ և ամսական միլիոնավոր դոլարների արժողությամբ անվճար ծառայություններ մատուցելով»,- ասվում է վերահրապարակված գրառման մեջ։
Մասկը Զելենսկիի հայտարարություններին այլ կերպ չի արձագանքել։
Ավելի վաղ Զելենսկին գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում քննադատել էր Մասկին՝ մեղադրելով նրան Եվրոպայի և Ուկրաինայի ներքաղաքական գործընթացներին միջամտելու փորձերի մեջ։ Ուկրաինայի նախագահը նաև պնդել էր, թե Մասկը փորձում է կենտրոնացնել իշխանությունը և Ուկրաինային պարտադրել այլ ղեկավարություն։