Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ կուլիսային բանակցություններին մասնակցող երկու աղբյուրներ թերահավատորեն են գնահատել հավանականությունը, որ Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունները քիչ թե շատ նշանակալի հրադադարի կհանգեցնեն։ Դրա մասին գրում է Financial Times-ը։
Ըստ աղբյուրների՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կենտրոնացած է ձմեռային կոշտ արշավի՝ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին հարվածներ հասցնելու միջոցով իրավիճակն իր օգտին շրջելու վրա։
Մեկ այլ աղբյուր հայտնել է, որ Ռուսաստանի նախագահն իր օդային հարվածները համարում է պատասխան այս ամռանը Ռուսաստանի տարածքում նավթավերամշակման գործարանների և առևտրային պահեստների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումներին և Կիևին է պատասխանատու համարում հրադադարի վերաբերյալ նախկին պայմանավորվածությունների խափանման համար։
«Ես կոչնչացնեմ ձեր ամբողջ ենթակառուցվածքը, մինչև նրանք համաձայնեն պայմաններին։ Մինչև հաջորդ տարի Ուկրաինայում ոչ մի ենթակառուցվածք չի մնա։ Բոլոր կամուրջները, նավահանգիստները, երկաթուղիները, էներգետիկ օբյեկտները, էլեկտրակայանները… ամեն ինչ կավերվի»,- նշել է երկրորդ զրուցակիցը՝ փոխանցելով Պուտինի դիրքորոշումը։
Պուտինը պահանջել է, որ Ուկրաինան զիջի արևելյան Դոնբասի տարածաշրջանի մնացած մասը՝ որպես հրադադարի նախապայման։ Ըստ երկրորդ զրուցակցի՝ նա նաև ակնկալում է Ուկրաինայի կողմից հետագա տարածքային զիջումներ՝ անվտանգության ցանկացած երաշխիքի դիմաց, որը ՆԱՏՕ-ի երկրները կարող են տրամադրել հնարավոր համաձայնագրի շրջանակում։