Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ակումբների երկրպագուական շարժումների ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարությամբ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջարկելով Գևորգ Ղազարյանի թեկնածությունը։
Նշենք, որ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանի այժմ աշխատում է «Արարատ-Արմենիայի» մարզչական շտաբում:
Հայտարարության մեջ ասվում է. ««Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է
Մենք՝ Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ակումբների երկրպագուական շարժումների ներկայացուցիչներս, ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջարկում ենք Գևորգ Ղազարյանի թեկնածությունը։
Հայկական ֆուտբոլը կանգնած է վճռորոշ հանգրվանի առաջ։ Առջևում ՀՖՖ նախագահի ընտրություններն են, որոնք կարող են դառնալ երկու տարի առաջ մեկնարկած պայքարի հանգուցալուծումը և շրջադարձային պահ՝ հայկական ֆուտբոլի ապագայի համար։ Սա պարզապես հերթական ընտրություն չէ․ սա հնարավորություն է վերջ դնելու տարիներով կուտակված խնդիրներին և բացելու հայկական ֆուտբոլի զարգացման նոր էջ։
Մեր պահանջը հստակ է՝ ֆուտբոլային ֆեդերացիա, որն ապրում է ֆուտբոլով և աշխատում ֆուտբոլի համար։
Մեր համոզմամբ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պետք է ղեկավարի ֆուտբոլային ճանապարհ անցած, հայկական ֆուտբոլի խնդիրներին ներսից ծանոթ, ֆուտբոլով ապրող և այն զարգացնելու հստակ նպատակներ ունեցող մարդ։
Գևորգ Ղազարյանը երկար տարիներ պատվով ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականը, հանդես եկել հայկական և եվրոպական ակումբներում ու անցել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի հարուստ ճանապարհ։
Մեզ համար կարևոր է, որ ֆեդերացիայի ղեկավարը ճանաչի հայկական ֆուտբոլի իրականությունը, անմիջական կապ և շփում ունենա ֆուտբոլային հանրության հետ:
Առանձնահատուկ նշանակություն ենք տալիս նաև Գևորգի բարձր հեղինակությանը ֆուտբոլային աշխարհում և հանրության շրջանում։ Տարիների ընթացքում վաստակած հարգանքն ու երկրպագուների սերը կարևոր արժեքներ են, որոնք կարող են ամուր հիմք դառնալ վստահության, անկախության և բացառապես ֆուտբոլի շահերից բխող որոշումների կայացման համար։
Սակայն մեր նախաձեռնությունը միայն մեկ անձի թեկնածության առաջադրում չէ։ Սա հայկական ֆուտբոլի շուրջ ուժերի համախմբման և միասնական պատասխանատվություն ստանձնելու նախաձեռնություն է։ Գևորգ Ղազարյանի շուրջ համախմբելու ենք ազգային հավաքականի տարբեր սերունդների ֆուտբոլիստներն, մարզիչներին, ինչպես նաև ֆուտբոլի կառավարման, իրավաբանության, սպորտային մենեջմենթի և հարակից ոլորտների փորձառու մասնագետներին։
Ձևավորում ենք ուժեղ մասնագիտական թիմ, որը պատրաստ է ստանձնել հայկական ֆուտբոլի զարգացման պատասխանատվությունը՝ աշխատելով սրտացավությամբ, հետևողականությամբ և ֆուտբոլային մտածողությամբ։
Առաջիկայում կներկայացվեն թիմի անդամները և հայկական ֆուտբոլի զարգացման ծրագիրը։
Ֆուտբոլային մարդ։ Ֆուտբոլային թիմ»։
Հիշեցնենք, որ ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը պաշտոնում վերընտրվել է 2023 թվականի դեկտեմբերին։ Ավելի վաղ Արմեն Մելիքբեկյանը հայտնել էր, որ մտադրություն չունի դեկտեմբերին առաջադրվել նույն պաշտոնում։