Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ մասնավոր հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Մելանյա Թրամփի կազմակերպած միջոցառումից հետո։

Թրամփը չի բացահայտել Դմիտրիևի հետ քննարկած հարցերի մանրամասները, սակայն լավատեսություն է հայտնել ռուս–ուկրաինական պատերազմը դադարեցնելու հնարավորության վերաբերյալ։ Վաշինգտոնը պատրաստվում է միջնորդի դեր ստանձնելու նոյեմբերի 10-ից 11-ը Աբու Դաբիում տեղի ունենալիք ռուս-ուկրաինական բանակցություններում։

Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ պատերազմը մոտենում է ավարտին՝ ակնարկելով հնարավոր համաձայնության ավելի լայն նշանակությունը։

«Դա մեծածավալ համաձայնություն է լինելու, և այն կվերաբերի ոչ միայն Ուկրաինային։ Ես նույնիսկ կասեի, որ այն կարող է առնչվել ամբողջ Եվրոպային։ Դա մեծ, հիանալի համաձայնություն կլինի, և բոլորը հիացած կլինեն»։

Թեև հնարավոր բանակցությունների արդյունքներն ու  հեռանկարները դեռևս պարզ չեն, Վաշինգտոնից հնչող այս հայտարարությունները նոր սպասումներ են առաջացնում պատերազմն ավարտելու վերաբերյալ։ Բայց որքանո՞վ Օլեշկիի մարդասիրական հրադադարը և առաջիկա բանակցությունները կդառնան ավելի մեծ խաղաղության գործընթացի սկիզբ, ցույց կտա ժամանակը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *