«Վեց տարի առաջ ադրբեջանական ժողովուրդն իմ եղբայր Իլհամ Ալիևի ղեկավարությամբ հերոսաբար «ազատագրեց» [բռնազավթեց] Ղարաբաղը։ Այդ փառավոր հաղթանակը դարձավ Ադրբեջանի «արդար» պայքարի մարմնավորումը»,- օկուպացված հայկական Շուշիում Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայի առաջնորդն ընդգծել է, որ նրանք, ովքեր ձգտում են խարխլել Ադրբեջանի և Թուրքիայի եղբայրությունը, երբեք չեն հասնի իրենց նպատակին։
«Բաքվի ուրախությունը Անկարայի ուրախությունն է։ Շուշիի հպարտությունը մենք համարում ենք ողջ ազգի հպարտությունը։ Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) ներկայիս դիրքը մեր ընդհանուր կամքի և համատեղ ջանքերի ամենավառ օրինակն է»,- ասել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթումը «նոր դարաշրջան է բացել Հարավային Կովկասում»։
«Այսօր մեր առջև ծառացած խնդիրն է մարտի դաշտում ձեռք բերված հաղթանակը պսակել ամուր խաղաղությամբ։ Ինչպես մենք աջակցել ենք Ադրբեջանի արդար պայքարին, այնպես էլ աջակցում ենք մեր տարածաշրջանում ամուր խաղաղություն հաստատելու նրա ջանքերին»,- նշել է Թուրքիայի նախագահը։