Մեծ Բրիտանիայում քննարկվում է լողավազաններում և հանդերձարաններում խելացի ակնոցների օգտագործումն արգելելու հնարավորությունը՝ առանց համաձայնության կանանց գաղտնի նկարահանումների դեպքերի աճի պատճառով։ Այս մասին գրում է Daily Mail-ը։
Հարցը բարձրացվել է խորհրդարանում, որտեղ պատգամավորները մտահոգություն են հայտնել, որ տղամարդիկ ներկառուցված տեսախցիկներով ակնոցների միջոցով գաղտնի նկարահանում են կանանց, իսկ տեսանյութերը տարածում համացանցում, երբեմն նաև՝ շահույթ ստանալու նպատակով։
Լիբերալ դեմոկրատ պատգամավոր Աննա Սաբինի խոսքով՝ կանայք հաճախ նկարահանումների մասին տեղեկանում են միայն այն ժամանակ, երբ տեսանյութերն արդեն հայտնվել են համացանցում։
Կառավարությունը քննարկում է նման սարքերի օգտագործման սահմանափակման տարբերակները։ Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Սաթվիր Կաուրը հայտնել է, որ առաջարկների մշակման աշխատանքներն արագորեն ընթանում են։
Միևնույն ժամանակ, պատգամավորների մի մասը կոչ է անում խուսափել համընդհանուր արգելքներից և փոխարենը խստացնել գաղտնի նկարահանումների համար նախատեսված պատիժները։
Կառավարության քննարկվող միջոցառումների նպատակն է պաշտպանել կանանց և աղջիկների անձնական կյանքն ու կանխել տեխնոլոգիաների միջոցով իրականացվող սեռական ոտնձգությունները։