Որտեղի՞ց այս համոզմունքը․ մարդիկ ասում են՝ տեսնում ու լսում ենք Ալիևի՝ հայերին ուղղված թշնամանքով ու ատելությամբ լցված մտքերը։ Ամենաթարմը՝ օկուպացված Արցախից, որտեղ Բաքվի բռնապետն Էրդողանի հետ իրենց, այսպես ասած, հաղթանակն էր տոնում։ Այս պայմաններում կարո՞ղ են Երևանն ու Բաքուն իրական խաղաղության հասնել։ Համենայնդեպս, Ալիևը հայտնի նախապայման ունի՝ Հայաստանը պետք է հրաժարվի Մայր օրենքի նախաբանում առկա Անկախության հռչակագրին հղումից, հակառակ դեպքում խաղաղության պայմանագիր չեն կնքի։ Բաքվի այս պահանջին Հայաստանի իշխանությունը չի դիմադրում։ Արդեն հայտնի է՝ նոր Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղում չի լինելու։ Armat Media-ի հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ ընթացքը հնարավոր է կասեցնել միայն համախմբմամբ։ Ընդդիմադիր 14 ուժ արդեն միավորվել է՝ մերժելով այսպես ասած «Ալիևյան Սահմանադրություն»-ը: «Ուժեղ Հայաստան»-ի նախաձեռնությամբ մի քանի հանդիպումներ, իրազեկման ակցիաներ արդեն անցկացվել են։ Քաղաքագետը վստահ է՝ ընդդիմությունը պետք է առաջ շարժվի սեփական օրակարգով՝ անկախ իշխանականների քննադատություններից ու մեկնաբանություններից։
Armat Media-ի հարցախույզին մասնակցած քաղաքացիներն ունեն մեկ պահանջ՝ թույլ չտալ Սահմանադրության փոփոխությունը, քանի որ այսպիսով երկիրը կանգնեցնելու է լուրջ վտանգների առջև։ Ընդդիմադիրները վստահեցնում են՝ «Ալիևյան Սահմանադրության» պարտադրանքը մերժելու են, հասնելու են խաղաղության՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների, պաշտպանելու են ազգային ինքնությունն ու Հայ առաքելական եկեղեցին, վերականգնելու են ժողովրդավարական ազատությունն ու խախտված իրավունքները։
Մանրամասն՝ տեսանյութում
ԱՆԺԵԼԱ ՍԵԴՐԱԿՅԱՆ