Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն բարձր է գնահատել Վրաստանի կառավարության որդեգրած քաղաքականությունը և ողջունել Մոսկվայի ու Թբիլիսիի միջև տնտեսական կապերի խորացումը։
Այս մասին Շոյգուն հայտարարել է նոյեմբերի 9-ին Մոսկվայում՝ ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 14-րդ ամենամյա հանդիպման ժամանակ։
«2024 թվականին Վրաստանի իշխանությունները հաջողությամբ կանխել են արևմտամետ ընդդիմության նախաձեռնած պետական հեղաշրջման փորձը», – նշել է Շոյգուն։
Շոյգուն նաև անդրադարձել է Ռուսաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության զարգացմանը։
«Մենք ողջունում ենք Վրաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության ակտիվ զարգացումը։ Միևնույն ժամանակ ընդգծում եմ, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն քաղաքական-դիվանագիտական միջոցներով՝ առանց արտաքին երկրների միջամտության», – հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Շոյգուն կարևորել է նաև «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի աշխատանքի վերսկսումը։ Ներկայումս այդ ձևաչափում ընդգրկված են Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Հայաստանը և Ադրբեջանը։
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում իրավիճակը բարելավվում է, իսկ «հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն ու տարածաշրջանում փաստացի խաղաղության հաստատումը արդյունքներ են տալիս»։