Մենք հանդես ենք գալիս երկխոսության և բանակցությունների օգտին։Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Նա նշել է, որ Իրանի գերագույն առաջնորդը հանձնարարել է վերջ տալ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակին։
«Մենք կարող ենք երկխոսություն վարել արժանապատվորեն և հարցը լուծել արժանապատիվ ճանապարհով։ Մենք հանդես ենք գալիս երկխոսության և բանակցությունների օգտին։ Տրամաբանությունը հուշում է, որ եթե բանակցությունների միջոցով կարող ենք հասնել մեր իրավունքների պաշտպանությանը, ապա չպետք է ներքաշվենք պատերազմի մեջ։ Սակայն մենք չենք հանձնվի ուժի և բռնության առաջ»։
Փեզեշքիանն ավելացրել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ընթացքում նույնպես ընդգծել է, որ Իրանը հանդես է գալիս արդարության, հավասարության և իրավահավասարության վրա հիմնված երկխոսության օգտին, պահանջում է հարգել իր իրավունքները, սակայն չի կապիտուլացվի ուժի առաջ։
Իրանի նախագահն անդրադարձել է նաև էներգասպառման կառավարման և էներգառեսուրսների՝ այդ թվում բենզինի, էլեկտրաէներգիայի և գազի խնայողության կարևորությանը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է պատշաճ կերպով կառավարել սպառումը՝ արտադրության դադարեցումը կանխելու համար։
Փեզեշքիանն ընդգծել է երկրի հնարավորություններն ու ներուժն օգտագործելու միջոցով դժվարությունները հաղթահարելու և կայուն զարգացում ապահովելու պայմաններ ստեղծելու կարևորությունը։