Կոմիտասի շուկայի հարակից կրպակները քաղաքապետարանի որոշմամբ ապամոնտաժվում են։ Քաղաքացիների մի մասը դեմ է ապամոնտաժմանը, ընդգծում են՝ «տնտեսվարողների ապրուստի միջոցն է եղել», մի մասն էլ կարծում է՝ մայրաքաղաքի արտաքին տեսքի բարեկարգման համար է արվում, ու ողջունում են։
Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարը ABC Media-ի հետ զրույցում ասաց, որ Երևանում մայթերի բարեկարգման ծրագրի շրջանակում նախատեսվում է ապամոնտաժել մի շարք կրպակներ։ Ապամոնտաժման աշխատանքներից հետո մեկնարկելու են մայթերի բարեկարգման աշխատանքները։
«Կրպակների ապամոնտաժման հարցը նախապես համաձայնեցված է եղել տնտեսվարողների հետ՝ վարչական շրջանի ղեկավարի մակարդակով»,- ասաց Ջուլիետա Ազարյանը։
Նրա խոսքով՝ կրպակներում գործունեություն իրականացնող տնտեսվարողները տվյալ տարածքների նկատմամբ սեփականության իրավունք չունեն, հետևաբար փոխհատուցման հարց չի կարող առաջանալ։
Իսկ ե՞րբ են բարեկարգվելու մայթերը․ Ազարյանն ասաց, որ ժամկետներ նշել չի կարող։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի առաջին կեսին ապամոնտաժել էին նաև Աջափնյակ վարչական շրջանի կրպակները։ Այնտեղ ևս խոսում էին բարեկարգման աշխատանքների մասին։ Արդեն նոյեմբերի առաջին կեսն ավարտվում է, այդպես էլ գործի չեն անցել։
Անի Աբաղյան