Ըստ «CSO Meter»-ի հրապարակած հոդվածի՝ ՀՀ-ում սոցցանցերում գրառումների համար քրեական գործերի հարուցումը մտահոգիչ միտում է։ Հոդվածը ներկայացնում ենք ստորև․
«Գրող Վահրամ Սահակյանի և ընդդիմադիր գործիչ Արթուր Դանիելյանի դեմ վերջին քրեական գործերը մտահոգիչ են՝ սոցիալական ցանցերում գրառումների և պաշտոնատար անձանց հասցեին սուր քննադատությանն ի պատասխան քրեական արդարադատության գործիքների կիրառման համատեքստում։ Թեև արտահայտվելու ազատությունը կարող է ենթարկվել սահմանափակումների բռնության իրական հրահրման, ատելության խոսքի կամ սպառնալիքների դեպքում, առցանց հայտարարություններին ի պատասխան քրեական մեղադրանքների, կալանավորման և սահմանափակող միջոցների կիրառումը մտահոգություններ է առաջացնում համաչափության, ընտրողական կիրառման և հանրային քննարկումների վրա «զսպող ազդեցության» վերաբերյալ։
Վերջին գործերը ցույց են տալիս խիստ միջոցների կիրառումը առցանց խոսքի դեմ
2026 թվականի սեպտեմբերի վերջին գրող և դրամատուրգ Վահրամ Սահակյանը ձերբակալվեց և մեղադրվեց 2025 թվականի հունվարին կատարած ֆեյսբուքյան գրառման առնչությամբ, որը, ըստ հաղորդման, ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի քարոզ էր պարունակում։ Քրեական հետապնդումը հարուցվել էր Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածով (տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք)։ Հետագայում դատարանը Սահակյանի նկատմամբ կիրառեց վարչական հսկողություն և արգելեց նրան հանրային գրառումներ անել։ Նրա փաստաբանը վիճարկեց մեղադրանքը՝ պնդելով, որ իրավապահ մարմինները ընտրողաբար են հետևում ընդդիմադիր գործիչների գրառումներին։
Մեկ այլ գործ վերաբերում է Արթուր Դանիելյանին, ով ձերբակալվեց, ապա երկու ամսով կալանավորվեց։ Ձերբակալությունից կարճ ժամանակ առաջ Դանիելյանը ֆեյսբուքյան գրառման մեջ վիրավորական արտահայտություններ էր օգտագործել ՀՀ վարչապետի հասցեին։ Դանիելյանի փաստաբանը նշեց, որ նրա մի քանի պգրառումներ որակվել են որպես խուլիգանություն, և հետագայում լրացուցիչ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածով, որը վերաբերում է դատավորների, դատախազների, քննիչների և արդարադատության ոլորտի այլ դերակատարների վերաբերյալ սպառնալիքներին կամ տեղեկությունների հրապարակմանը։
Երկու անձն էլ հայտնի են պաշտոնատար անձանց հասցեին իրենց կոշտ քննադատությամբ։ Մի շարք քաղհասարակության կազմակերպություններ հանդես եկան համատեղ հայտարարությամբ Դանիելյանի գործով՝ նրա նկատմամբ քրեական հետապնդումը որակելով որպես Հայաստանում արտահայտվելու ազատության իրականացման դեմ քրեական արդարադատության գործիքների շարունակական կիրառման հերթական դրսևորում։ Հայտարարության մեջ պնդվում է, որ հետապնդումն ապօրինի է, անհամաչափ և քաղաքականապես մոտիվացված, իսկ Դանիելյանի երկամսյա նախնական կալանքը հատկապես անհամաչափ է՝ հաշվի առնելով նաև արտաքին աշխարհի հետ նրա շփման սահմանափակումները։ ՔՀԿ-ները կոչ են արել Գլխավոր դատախազությանը և Քննչական կոմիտեին վերացնել Արթուր Դանիելյանի կալանքը և դադարեցնել արտահայտվելու ազատության իրականացման հիմքով հարուցված քրեական հետապնդումը, ինչպես նաև բացառել քրեական արդարադատության գործիքների ապօրինի և անհամաչափ կիրառումը՝ ընդդիմադիր խոսքը կամ իշխող քաղաքական ուժի, ընտրված քաղաքական դերակատարների կամ պետական մարմինների քննադատությունը լռեցնելու նպատակով։
Գործերն արտացոլում են կոշտ կամ վիրավորական խոսքն ընտրողաբար քրեականացնելու ավելի լայն միտում
Այս գործերը պետք է գնահատվեն ատելության խոսքի, բռնության կոչերի և հարակից հանցագործությունների վերաբերյալ քրեական դրույթների կիրառման վերաբերյալ ՔՀԿ-ների կողմից պարբերաբար բարձրացվող մտահոգությունների ավելի լայն համատեքստում։
Թեև Հայաստանը 2022 թվականին ապաքրեականացրեց «ծանր վիրավորանքը», վերջին գործերը հուշում են, որ վիրավորական կամ հայհոյանքի քրեաիրավական արձագանքման ռիսկը կարող է շարունակվել Քրեական օրենսգրքի այլ դրույթների ներքո։ 329-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է սահմանում ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագման, կրոնի, քաղաքական կամ այլ հայացքների կամ անձնական կամ սոցիալական այլ հանգամանքների հիման վրա անձանց կամ խմբերի նկատմամբ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի համար։ 330-րդ հոդվածը քրեականացնում է բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, ինչպես նաև նման հիմքերով բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը։ Խուլիգանությանը վերաբերող 297-րդ հոդվածը ներառում է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքը կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհանքը, այդ թվում՝ անձանց նվաստացմամբ կամ հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով հասարակական կարգի խախտմամբ դրսևորվող արարքները։ 490-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է սահմանում մասնավորապես դատավորների, դատախազների, քննիչների և արդարադատության ոլորտի այլ սահմանված մասնագետների ու նրանց մերձավոր ազգականների նկատմամբ սպառնալիքների, ինչպես նաև նրանց հեղինակությունը արատավորող կամ այլ կերպ նրանց իրավունքներին կամ օրինական շահերին վնաս պատճառող տեղեկությունների հրապարակման, նրանց գույքը ոչնչացնելու կամ վնասելու կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Այս բոլոր դրույթները նախատեսում են պատիժներ՝ տուգանքներից մինչև ազատազրկում, իսկ ծանրացնող հանգամանքներով խոսքի հետ կապված հանցագործությունների համար նախատեսված է առավելագույնը մինչև հինգ տարի ազատազրկում, ներառյալ զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ կատարված դեպքերը։
«CSO Meter Armenia»-ի նախորդ զեկույցներում նշվում էր, որ առցանց կամ հանրային խոսքի վերաբերյալ քրեական վարույթները քաղաքացիական հասարակության կողմից հաճախ ընկալվում են որպես ընտրովի․ իրավապահ մարմինների գործողությունները հաճախ կենտրոնանում են իշխանության ներկայացուցիչներին և քաղաքական գործիչներին ուղղված հայտարարությունների վրա, մինչդեռ միջազգային չափանիշներով ճանաչված պաշտպանվող հատկանիշներով թիրախավորող ատելության խոսքը հազվադեպ է քննվում նույն հետևողականությամբ։ Վերջին գործերը նաև հաջորդում են արտահայտվելու ազատության վերաբերյալ ավելի վաղ «CSO Meter»-ի արձանագրած մտահոգություններին՝ կապված ակտիվիստ Արթուր Օսիպյանի նկատմամբ քաղաքական սուր վեճին ի պատասխան հարուցված քրեական վարույթի և նախնական կալանքի հետ։ Երեք շաբաթ տևած հացադուլից հետո Օսիպյանն ազատ արձակվեց նախնական կալանքից՝ ՔՀԿ ղեկավարների միջնորդությունների հիման վրա, ովքեր պատրաստակամություն էին հայտնել հանդես գալ որպես երաշխավոր, և ներկայումս դատական քննությունը դեռ ընթացքի մեջ է։
Խիստ միջոցները ռիսկ են պարունակում ստեղծելու «զսպող ազդեցություն» հանրային քննարկումների վրա
Մեդիա փորձագետները և իրավապաշտպանները զգուշացրել են, որ սոցիալական ցանցերի գրառումներին հաջորդած վերջին ձերբակալությունները և կալանավորումները կարող են ունենալ «զսպող ազդեցություն» (chilling effect)՝ հասարակությանը ազդակ հղելով, որ առցանց հայտարարությունները կարող են պատժվել խիստ միջոցներով։ Այս մտահոգությունն ավելի է ուժեղանում խոսքի հետ կապված գործերով իրավապահ մարմինների արձագանքման հետևողականության և համաչափության վերաբերյալ կասկածներով։
ՄԻԵԴ ուղեցույցն ընդգծում է, որ արտահայտվելու ազատության սահմանափակումները պետք է լինեն օրինական, անհրաժեշտ և համաչափ՝ ընդունելով այն «զսպող ազդեցությունը», որ քրեական վարույթները և կալանավորումը կարող են ունենալ հանրային քննարկումների վրա։ Եթե վիրավորական կամ անպատշաճ խոսքը պարբերաբար ուղղորդվում է քրեական վարույթներ՝ այլ իրավական որակումների ներքո, դա կարող է թուլացնել ապաքրեականացման պաշտպանական ազդեցությունը և խորացնել հանրային քննարկումների վրա «զսպող ազդեցությունը»։
Հետագա քայլերը պետք է կենտրոնանան համաչափության և օրենքի հետևողական կիրառման վրա
Վերջին գործերն ընդգծում են խոսքի հետ կապված քրեական վարույթների նկատմամբ ավելի զգույշ և հետևողական մոտեցման անհրաժեշտությունը։ Հետագա դատախազական և դատական որոշումները ցույց կտան, թե արդյոք իշխանությունները պատշաճ կերպով հաշվի են առնում քրեական մեղադրանքների և սահմանափակող միջոցների համաչափությունը, ներառյալ ավելի նվազ սահմանափակող այլընտրանքների առկայությունը։
Անհատական գործերից անդին, սպառնալիքների և ատելության խոսքի քննության ավելի հետևողական մոտեցումը՝ անկախ նրանից, թե ով է թիրախավորված, կօգնի լուծել ընտրովի իրավակիրառման վերաբերյալ մտահոգությունները և կամրապնդի հանրային վստահությունը արդարադատության համակարգի նկատմամբ։ Ուստի այս գործերով հետագա զարգացումները կարևոր կլինեն արտահայտվելու ազատությանը և ժողովրդավարական քննարկումներին Հայաստանի հանձնառությունը գնահատելու համար։