«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)

«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱՎՏՈԿԼԱՎՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
     Ներկայացված լուսանկարում երևում է բժշկական սարքավորման ներքին հատվածը՝ աղտոտվածության, նստվածքների և գունափոխված մակերեսների հետքերով։ Այս ամենն առնվազն մասնագիտական գնահատման և տեխնիկական զննության անհրաժեշտություն է առաջացնում։
     Այս խնդրով առաջարկություն եմ ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարություն՝ ավտոկլավների տեխնիկական անվտանգության պահանջները հստակեցնելու և դրանց նկատմամբ վերահսկողության մեխանիզմներ ներդնելու վերաբերյալ։
     Նախարարության պաշտոնական պատասխանում նշվել է, որ առաջարկությունն ընդունվել է ի գիտություն, և իրավական կարգավորումներում փոփոխությունների անհրաժեշտությունը կուսումնասիրվի և կքննարկվի։
     Իհարկե, լավ է, որ արձագանք կա, բայց միայն ուսումնասիրությամբ հարցը չի լուծվելու։
     Ինձ համար կարևոր է, որ այս ամենը վերածվի կոնկրետ գործողությունների՝ հստակ պահանջներ, պարտադիր տեխնիկական զննություն և պատշաճ վերահսկողություն։
     Խոսքը միայն սարքավորումների տեխնիկական վիճակի մասին չէ։ Խոսքը և՛ բուժաշխատողի, և՛ պացիենտի անվտանգության մասին է։ Բուժաշխատողը պետք է աշխատի անվտանգ պայմաններում, իսկ պացիենտը պետք է վստահ լինի, որ բժշկական միջամտության ընթացքում օգտագործվող գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *