Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերությունը շուրջ 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանում ավիավառելիքի արտադրության նոր բլոկի կառուցման համար։ Նախագիծը նաև հնարավորություն կտա դիզելային վառելիքի արտադրական հզորություններն ավելացնել տարեկան շուրջ 600 հազար տոննայով, հայտնում է թուրքական Enerji Ekonomisi պարբերականը՝ հղում անելով SOCAR Türkiye-ին։
«Շուրջ 6 միլիարդ թուրքական լիրայի ներդրումների շրջանակում մենք ավիավառելիքի արտադրությունը կտեղափոխենք նոր Jet Fuel (Kero-Merox) բլոկ և կստեղծենք դիզելային վառելիքի արտադրության լրացուցիչ հզորություններ՝ տարեկան շուրջ 600 հազար տոննա։ Դա մեզ հնարավորություն կտա ավելի ճկուն կերպով կարգավորել ավիավառելիքի և դիզելային վառելիքի արտադրությունը՝ կախված շուկայի իրավիճակից»,- հայտարարել է SOCAR Türkiye-ի նավթավերամշակման և նավթաքիմիայի ստորաբաժանման ղեկավար, ինչպես նաև թուրքական Petkim Petrokimya Holding ընկերության գլխավոր տնօրեն Քենան Միրզաևը։
Ակնկալվում է, որ նախագիծը կբարձրացնի STAR նավթավերամշակման գործարանի գործառնական ճկունությունն ու էներգաարդյունավետությունը, ինչպես նաև կնվազեցնի Թուրքիայի կախվածությունը դիզելային վառելիքի ներմուծումից։
Նոր բլոկի շահագործման հանձնելուց հետո գործող KHT կայանքը, որն այժմ օգտագործվում է ավիավառելիքի արտադրության համար, կվերաուղղորդվի դիզելային վառելիքի արտադրությանը։ Անհրաժեշտության դեպքում, կախված շուկայի իրավիճակից, այն կրկին հնարավոր կլինի օգտագործել ավիավառելիքի արտադրության համար։
SOCAR Türkiye-ի տվյալներով՝ նախագծի իրականացման EPC պայմանագիրն արդեն կնքվել է միջազգային ընկերությունների կոնսորցիումի հետ։ Նախագծման, սարքավորումների գնման և շինարարական աշխատանքները պետք է մեկնարկեն առաջիկա օրերին։ Նոր բլոկի շահագործման հանձնումը նախատեսված է 2029 թվականի առաջին եռամսյակում։
Ըստ Միրզաևի՝ նախագծի իրականացմամբ Թուրքիայում SOCAR-ի ներդրումների ընդհանուր ծավալը կհասնի 20 միլիարդ դոլարի։
2018 թվականին շահագործման հանձնված STAR նավթավերամշակման գործարանը սկզբնապես նախատեսված էր տարեկան 10 միլիոն տոննա նավթ վերամշակելու համար։ Հետագայում դրա հզորությունն ավելացվել է մինչև 13 միլիոն տոննա, ինչի շնորհիվ ձեռնարկությունը դարձել է Թուրքիայի խոշորագույն առանձին նավթավերամշակման գործարանը։
Թուրքիայի էներգետիկ շուկան կարգավորող վարչության (EPDK) տվյալներով՝ 2025 թվականին STAR-ը դիզելային վառելիքի արտադրությունն ավելացրել է 31%-ով՝ հասցնելով 6,764 միլիոն տոննայի։ Ընդհանուր առմամբ, Թուրքիայում դիզելային վառելիքի արտադրությունն աճել է 7,4%-ով՝ հասնելով 16,895 միլիոն տոննայի, մինչդեռ ներմուծումը կրճատվել է 0,21%-ով՝ մինչև 13,64 միլիոն տոննա։
SOCAR-ը շուրջ 7 միլիարդ դոլար է ներդրել STAR նավթավերամշակման գործարանի կառուցման համար։ Ձեռնարկությունը կարող է վերամշակել ավելի քան 20 տեսակի հում նավթ, դրանց թվում՝ Azeri Light-ը, Քիրքուքի նավթը և ռուսական Urals-ը։ Ընդ որում, գործարանի համար առավել հարմար հումք են նավթի ծանր տեսակները։