Չիպեր արտադրող ամերիկյան Nvidia ընկերության տնօրենների խորհուրդը ներգրավել է նախկին դաշնային դատախազի և Ուոլ Սթրիթի առաջատար իրավաբանական ընկերություններից մեկին՝ ընկերության գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգի և Չինաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվող կնոջ անձնական հարաբերությունների հանգամանքների անկախ հետաքննություն անցկացնելու համար, հայտնում է NBC News-ը։
«Nvidia-ի տնօրենների խորհրդի անկախ անդամները ներգրավել են Նյու Յորքի Հարավային շրջանի ԱՄՆ դատախազի նախկին պաշտոնակատար Ջուն Հ. Քիմին և նրա Wachtell, Lipton, Rosen & Katz իրավաբանական ընկերությանը՝ համակողմանի և անկախ հետաքննություն անցկացնելու համար, որի մասին հայտարարվել է կիրակի օրը»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։
Որոշումը հաջորդել է հանգստյան օրերին հրապարակված նյութերին, որոնցում հաղորդվում էր, որ Հուանգն ընդունել է արտամուսնական կապի փաստը։ Ըստ լրատվամիջոցների՝ խոսքը Չինաստանի քաղաքացի և ընկերության ղեկավար Էլիս Հուանգի մասին է։ NBC News-ի աղբյուրները պնդում են, որ ամերիկյան հետախուզական ծառայությունները նրան կասկածում են Չինաստանի կառավարության օգտին լրտեսության մեջ։
Երեքշաբթի օրվա դրությամբ Հուանգը շարունակում էր զբաղեցնել Nvidia-ի գլխավոր տնօրենի պաշտոնը։ Ավելի վաղ ընկերության ներկայացուցիչը NBC News-ին հայտնել էր, որ տրիլիոնավոր դոլար արժողությամբ չիպեր արտադրող ընկերության ղեկավարը մտադիր է առանց ընդհատումների շարունակել ղեկավարել բիզնեսը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտնել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն նույնպես ուսումնասիրում է այս պատմության հանգամանքները։
Իրավիճակի նկատմամբ լրացուցիչ ուշադրություն է հրավիրել The New York Times-ի հրապարակումը, ըստ որի՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երկու անգամ Թրամփին զգուշացրել է Չինաստանի հետախուզության հետ Հուանգի ենթադրյալ կապերի մասին։ Պարբերականի տվյալներով՝ մայիսին՝ նախագահական Air Force One ինքնաթիռով Չինաստան մեկնելու ընթացքում, Թրամփին հայտնել են հետախուզական տվյալների առկայության մասին, որոնք վկայում են Nvidia-ի ղեկավարի և լրտեսության մեջ կասկածվող կնոջ հարաբերությունների մասին։
NBC News-ը չի հաստատել այս տեղեկությունը և մեկնաբանություն է խնդրել ԱՄՆ Պետքարտուղարությունից։
Ինքը՝ Թրամփը, հայտարարել է, որ Հուանգը «բոլորովին տեղյակ չի եղել», որ տվյալ կինը կարող է լրտես լինել՝ հավելելով. «Ես իսկապես հավատում եմ նրան»։
Պատասխանելով լրագրողների հարցերին այն մասին, թե երբ է իմացել այդ հարաբերությունների մասին՝ նախագահը սկզբում հայտարարել է, որ Չինաստան մեկնելուց առաջ դրա մասին չէր լսել, ապա ենթադրել, որ տեղեկությունը կարող էր հիշատակված լինել, սակայն իր վրա առանձնապես տպավորություն չէր թողել։
«Նա հիանալի մարդ է։ Հուսով եմ՝ որևէ խնդիր չկա»,- ասել է Թրամփը Հուանգի մասին՝ հավելելով, որ վարչակազմը կտեղեկացնի իրավիճակի մասին, եթե անհանգստության հիմքեր առաջանան։
Այս հաղորդագրությունների ֆոնին Nvidia-ի բաժնետոմսերը երկուշաբթի առևտրի մեկնարկից ի վեր էժանացել են ավելի քան 10%-ով, իսկ ընկերության շուկայական արժեքը երկու օրում կրճատվել է գրեթե 500 միլիարդ դոլարով։
Անկումն ավելի է խորացրել բաժնետոմսերի գնանշումների՝ արդեն մի քանի շաբաթ շարունակվող նվազումը։ Հոկտեմբերի 6-ին վերջին ռեկորդային ցուցանիշին հասնելուց հետո չիպեր արտադրողի բաժնետոմսերը կորցրել են իրենց արժեքի մոտ 31%-ը, ինչի հետևանքով շուկայական կապիտալիզացիան կրճատվել է ավելի քան 1,7 տրիլիոն դոլարով։