Եվրամիությունից պահանջում ենք բարձրաձայնել Հայաստանում տեղի ունեցող գործընթացների և ժողովրդավարության նահանջի մասին։ Այս մասին ԵՄ գրասենյակի դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը։
Նրա խոսքով՝ ԵՄ-ի լռությունն անհիմն է, և եվրոպական կառույցները պետք է արձագանքեն Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։
Հովսեփյանի պնդմամբ՝ Հայաստանում ընդդիմադիր հայացքներ ունենալը վերածվել է քրեորեն պատժելի արարքի։ Որպես օրինակ նա մատնանշել է կալանավայրում ընդդիմադիր գործչի մահվան դեպքը՝ ընդգծելով, որ նախ պետք է պարզել, թե ինչու էր նա հայտնվել անազատության մեջ։
«Մեր պահանջն այն է, որ ընդդիմադիր լինելը չպետք է լինի քրեորեն պատժելի, քանի որ տեսնում ենք, որ Հայաստանում դա քրեորեն պատժելի է»,- նշել է պատգամավորը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Նա ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ին՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում Ստեփանավանում իրականացված գործողությունների հետևանքով։ Նույն օրը ձերբակալվել էր 14 անձ։