ԱՄՆ Լոս Անջելես քաղաքի Նորթ Հոլիվուդ շրջանում ավտոմեքենան մխրճվել է մետրոյի կայարանի մուտքի մոտ հավաքված մարդկանց՝ փողոցային առեւտրականների եւ հետիոտների մեջ։
Լոս Անջելեսի ոստիկանության վարչության սոցիալական ցանցերի էջում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ երեկոյան ամենագնացը (SUV) մխրճվել է Նորթ Հոլիվուդ շրջանում գտնվող մետրոյի կայարանի հարեւանությամբ հավաքված մարդկանց մեջ։
Լոս Անջելեսի հրշեջ ծառայության հայտարարության համաձայն՝ նախնական տվյալներով՝ երեք մարդ մահացել է դեպքի վայրում, եւս երեքը ծանր վնասվածքներով հոսպիտալացվել են։
Վարորդը նույնպես տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է ծանր շոկային։
Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդման համաձայն՝ վարորդը եղել է 60-ն անց տղամարդ։ Ոստիկանությունը փորձում է պարզել՝ նա եղել է ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տա՞կ, թե՞ առողջական հանկարծակի խնդիրն է եղել դժբախտ պատահարի պատճառը։