«Սա կասկածի տակ է դնում խաղաղության գործընթացը»․ Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Չարենցի անունով կոչելու որոշումը Բաքուն «սադրանք» է որակել

«Վճռականորեն դատապարտում ենք Երևանի պատմական Կապույտ մզկիթում մուսուլմանական կրոնական ծեսերին անհամատեղելի միջոցառման անցկացումը և մեր կտրական բողոքն ենք հայտնում»։

Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այս մասին ասվում է Կովկասի մուսուլմանների վարչության (ԿՄՎ) հայտարարության մեջ։

Երևանի Կապույտ մզկիթի պատմական համալիրի հանդիսությունների դահլիճն անվանակոչվել է հայ նշանավոր բանաստեղծ, իրանական մշակույթի և գրականության բարեկամ Եղիշե Չարենցի անունով։

Հանդիսությունների դահլիճը Եղիշե Չարենցի անունով անվանակոչելու արարողությանը մասնակցել է նաև աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին։

«Ցավոք, Երևանի պատմական Կապույտ մզկիթը, որը ադրբեջանական ժողովրդի կրոնական հուշարձաններից է, նույնպես զերծ չի մնացել այն վանդալիզմից, որը հայերը տասնամյակներ շարունակ իրականացրել են մեր պատմական հողերում, որոնք գտնվել են նրանց օկուպացիայի ներքո։ Շուշիի պատմական մզկիթների նման մեր կրոնական սրբավայրերը ավերելուց ու հրկիզելուց, ինչպես նաև դրանք իսլամում արգելված կենդանիներ պահելու միջոցով պղծելուց հետո այսօր Երևանի Կապույտ մզկիթի սրահը հայ բանաստեղծի անունով կոչելը, ինչպես նաև ապագայում այդ հայի կիսանդրին մուսուլմանական աղոթատեղիում տեղադրելու մտադրությունը ոչ այլ ինչ է, քան սրբապղծություն։

Քաղաքակիրթ ժողովուրդները գրքերի շնորհանդեսներն անցկացնում են ոչ թե այլ կրոնի պատկանող պաշտամունքային կառույցներում, այլ սեփական մշակութային հաստատություններում։ Մզկիթում մշակութային միջոցառման անվան տակ շոու կազմակերպելը ոչ մեկին պատիվ չի բերում»,– նշել են ԿՄՎ–ից։

Ադրբեջանական հոգևոր կառույցը տեղի ունեցածը որակել է «վանդալիզմ» և «սադրանք»՝ Հայաստանի իշխանություններից պահանջելով կանխել նման միջոցառումները։

«Նման միջադեպը, որը տեղի է ունենում 44-օրյա հայրենական պատերազմի արդյունքում կապիտուլյացիայի ենթարկված Հայաստանի՝ խաղաղ բանակցություններին հավատարիմ լինելու մասին հայտարարությունների ֆոնին, կասկածի տակ է դնում խաղաղության գործընթացը։ Դա ծառայում է բացառապես ռևանշիստների շահերին»,– նման սանձարձակ հայտարարություն է հնչել Բաքվից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *