Կառավարությունը 29.3 մլրդ դրամ կուղղի առողջական ապահովագրությանը

Հայաստանի կառավարությունը նախատեսում է 29.3 մլրդ դրամ հատկացնել առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում քաղաքացիների ապահովագրավճարների սուբսիդավորման պարտավորությունները կատարելու համար։ Համապատասխան որոշման նախագիծը ներկայացվել է կառավարության քննարկմանը։

Նախագծով առաջարկվում է պետական բյուջեում կատարել 29 մլրդ 302.2 մլն դրամի վերաբաշխում և այդ գումարը հատկացնել ՀՀ առողջապահության նախարարությանը։ Գումարից 19 մլրդ 80 մլն դրամը նախատեսվում է վերցնել Աշխատանքի և բարեկեցության նախարարության 2026 թվականի բյուջեից, իսկ 10 մլրդ 222.2 մլն դրամը՝ Ֆինանսների նախարարության՝ պետական պարտքի սպասարկման ծրագրից։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում ապահովագրավճարների սուբսիդավորման համար նախատեսված միջոցները չեն բավարարում ստանձնած պարտավորությունները կատարելու համար։

Մասնավորապես, վարձու աշխատողների ապահովագրավճարների սուբսիդավորման համար 2026 թվականի պետական բյուջեով նախապես հատկացվել էր 1 մլրդ դրամ, որից հետո կառավարության որոշումներով այդ գումարն ավելացվել էր ևս 9 մլրդ 98 մլն դրամով։ Այս միջոցները հնարավորություն էին տվել ապահովել սուբսիդավորումը 8 ամսվա համար։

Սակայն հունվար-սեպտեմբեր ամիսներին վարձու աշխատողների ապահովագրավճարների՝ պետության կողմից սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 11 մլրդ 692.6 մլն դրամ։ Հոկտեմբեր ամսվա դրությամբ այս ուղղությամբ պարտքը կազմել է 1 մլրդ 594.58 մլն դրամ, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը կանխատեսվում է, որ այն կհասնի 5 մլրդ 156.58 մլն դրամի։

Մյուս՝ առողջության համընդհանուր ապահովագրության ներդրմանն ուղղված լրացուցիչ միջոցառումների շրջանակում, հոկտեմբերի դրությամբ սուբսիդավորման պարտքը կազմել է 9 մլրդ 347.64 մլն դրամ։ Մինչև դեկտեմբերի 1-ը այն կանխատեսվում է 24 մլրդ 145.7 մլն դրամի չափով։

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել ապահովագրավճարների սուբսիդավորման ֆինանսավորումը և մարել մինչև նոյեմբերի 30-ը ձևավորվելիք պարտավորությունները՝ բժշկական կազմակերպություններին մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցումներ իրականացնելու համար։

Նշվում է, որ վերաբաշխման արդյունքում պետական բյուջեի եկամուտների և ծախսերի ընդհանուր ծավալում փոփոխություն չի նախատեսվում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *