Հայաստանում 2026 թվականի հոկտեմբերին սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 5.6 տոկոսով։ Սակայն թանկացումները բոլոր ապրանքատեսակներին հավասարապես չեն վերաբերել․ որոշ մթերքների գներն աճել են երկնիշ ցուցանիշներով, իսկ որոշների դեպքում արձանագրվել է գնանկում։ Առավել նկատելի թանկացումներից մեկը գրանցվել է տավարի մսի և ձվի շուկայում։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի հոկտեմբերին սպառողական գների ընդհանուր մակարդակը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 4.3 տոկոսով։ Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների աճը գերազանցել է ընդհանուր գնաճը՝ կազմելով 5.6 տոկոս։ Միայն հոկտեմբերին՝ սեպտեմբերի համեմատ, սննդամթերքի գներն աճել են 0.2 տոկոսով։
Մսամթերքի և ձվի գները ամենաշատն են թանկացած ապրանքների շարքում
2026 թվականի հոկտեմբերին մսի գները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 10.8 տոկոսով։ Առավել մեծ թանկացում է արձանագրվել տավարի մսի դեպքում՝ 22.2 տոկոս։ Գառան և ոչխարի միսը թանկացել է 11.1 տոկոսով, հավի միսը՝ 5.3 տոկոսով։ Միաժամանակ, խոզի մսի գինը նվազել է 1.5 տոկոսով։
Կաթնամթերքի, պանրի և ձվի խմբում գների տարեկան աճը կազմել է 8 տոկոս։ Առանձին ապրանքատեսակներից ձուն թանկացել է 19.4 տոկոսով, պանիրը՝ 6.2 տոկոսով, թթվասերը՝ 3.6 տոկոսով, պաստերիզացված կաթը՝ 2.9 տոկոսով։
Հացամթերքի և ձավարեղենի գները և՞ս փոփոխվել են
Հացաբուլկեղենի և ձավարեղենի խմբում գների տարեկան աճը կազմել է 2.6 տոկոս։ Սակայն առանձին ապրանքատեսակների դեպքում տարբերություններ կան։ Ցորենի ձավարը թանկացել է 13.5 տոկոսով, հնդկացորենը՝ 8.9 տոկոսով, մակարոնեղենը՝ 5.4 տոկոսով, իսկ հացը՝ 2.3 տոկոսով։ Բրնձի գինը, հակառակը, նվազել է 3.4 տոկոսով։
Մրգի գները 2026 թվականի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 6.8 տոկոսով, իսկ բանջարեղենինը՝ 5 տոկոսով։
Սակայն սեպտեմբերի համեմատ հոկտեմբերին մրգերը էժանացել են 5.4 տոկոսով, մինչդեռ բանջարեղենի գներն աճել են 4.6 տոկոսով։ Սա ցույց է տալիս, որ տարեկան և ամսական համեմատությունները կարող են էապես տարբեր պատկեր ներկայացնել։
Ո՞ր ապրանքներն են էժանացել
Գների նվազում է արձանագրվել մի շարք ապրանքների դեպքում։ Ձկնամթերքի և ծովամթերքի գները նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ նվազել են 17.8 տոկոսով։ Մասնավորապես՝ թարմ իշխանը էժանացել է 22.2 տոկոսով։
Յուղերի և ճարպերի խմբում գները նվազել են 0.9 տոկոսով, իսկ կարագի գինը՝ 5.3 տոկոսով։ Բացի այդ, բրինձը էժանացել է 3.4 տոկոսով, իսկ խոզի միսը՝ 1.5 տոկոսով։
Այսպիսով, 2026 թվականի հոկտեմբերի տվյալներով՝ սննդամթերքի գների ընդհանուր աճի պայմաններում առանձին ապրանքատեսակների շուկայում տարբեր միտումներ են արձանագրվել։ Առավել նկատելի տարեկան թանկացումները գրանցվել են տավարի մսի և ձվի դեպքում, մինչդեռ ձկնամթերքի, կարագի և որոշ այլ ապրանքների գները նվազել են։
Top news