Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ կալանավայրում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Գևորգյանի մահվան դեպքին՝ ներկայացնելով դեպքի հանգամանքներն ու բուժօգնության տրամադրման ժամանակագրությունը։
Նրա խոսքով՝ քրեակատարողական հիմնարկի միջանցքում տեղադրված տեսախցիկի արձանագրությունների համաձայն՝ կալանավորի ինքնազգացողության վատանալու վերաբերյալ տեղեկությունից հետո ծառայողը մոտեցել է խցին, այնուհետև կանչել բուժսպասարկում իրականացնող աշխատակցին։ Վերջինիս՝ խուց մտնելուց անմիջապես հետո շտապօգնություն է կանչվել, որը քրեակատարողական հիմնարկ է հասել 16 րոպե անց։
Նախարարը հայտնել է, որ առողջապահության նախարարի հետ քննարկել է նաև Գևորգյանի առողջական վիճակին վերաբերող տվյալները։ Ըստ իրեն փոխանցված տեղեկությունների՝ Արսեն Գևորգյանի բժշկական փաստաթղթերում սրտի իշեմիկ խնդրի վերաբերյալ գրանցումներ չեն եղել։ Նրա խոսքով՝ Գևորգյանը նման առողջական խնդիրների մասին չի հայտնել նաև դատական նիստի ընթացքում կամ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակ։
«Ընթացիկ տարում սա քրեակատարողական հիմնարկներում արձանագրված մահվան 4-րդ դեպքն է»,- հայտարարեց Սրբուհի Գալյանը։
Անդրադառնալով կալանավորումների վերաբերյալ քննադատություններին՝ նախարարը շեշտեց, որ կալանքը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում, և նախարարությունը կողմ չէ կալանավորված անձանց թվի ավելացմանը։ Նա հիշեցրեց, որ օրենսդրությամբ նախատեսված են նաև այլընտրանքային խափանման միջոցներ, այդ թվում՝ տնային կալանքն ու վարչական հսկողությունը։
«Կալանավորումը նախարարությունը չի իրականացնում, միջնորդությունը նախարարությունը չի ներկայացնում, որոշումը նախարարությունը չի կայացնում։ Նախարարությունն ուղղակի ապահովում է խափանման միջոցի կիրառումը»,– ասաց նա։
Նախարարի խոսքով՝ պետությունը պարտավոր է քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց ապահովել պատշաճ պայմաններով և բժշկական սպասարկմամբ։ Նա նաև նշեց, որ Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները դեռ պետք է ստանան իրավական գնահատական՝ համապատասխան վարույթի շրջանակում։
Գառնի Մութաֆյան