Իտալիայում ավելի քան 3700 դպրոց հինգշաբթի՝ նոյեմբերի 12-ին, պայթյունների սպառնալիքի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել, սակայն ուսումնական հաստատությունների մեծ մասը շարունակել է աշխատանքը։ Դա տեղի է ունեցել, երբ Ջորջա Մելոնիի կառավարությունը խորհուրդ է տվել հասարակական շենքերից մարդկանց տարհանել միայն իրական վտանգի կոնկրետ նշանների առկայության դեպքում, հայտնում է Reuters-ը։
Վարչապետի գրասենյակի տվյալներով՝ հինգշաբթի սպառնալիքներ է ստացել 3778 դպրոց, սակայն տարհանում է պահանջվել դրանցից միայն 77-ում։ Որոշ դեպքերում աշակերտներն ու աշխատակիցները կարճ ժամանակ անց վերադարձել են շենքեր։
Մեկ օր առաջ հաղորդագրությունների տարածման ծավալներն ավելի մեծ էին․ դրանք ուղարկվել էին շուրջ 6300 դպրոցի, իսկ մի շարք շրջաններում դասերը չեղարկվել էին։ Դա անհանգստություն էր առաջացրել ծնողների շրջանում։
Կրկնվող սպառնալիքների ֆոնին Մելոնին հրավիրել է ընդդիմության առաջնորդներին՝ քննարկելու արձագանքման միջոցները։ Կառավարությունը մտադիր է հատուկ արձանագրություն մշակել, որը հնարավորություն կտա սահմանափակել նման միջադեպերի հետևանքները։
«Շենքերից մարդկանց չպետք է տարհանել, եթե իրական վտանգի կոնկրետ նշաններ չկան՝ բացի զանգվածաբար ուղարկված էլեկտրոնային նամակ ստանալու բուն փաստից»,- ասվում է վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ։
Ինչպես նախորդ օրը, հաղորդագրությունները ստորագրված էին «Միխայիլ Անդրոպով» անունով և պարունակում էին սպառնալիքներ՝ ուղղված անձամբ Մելոնիին։
Ականապատման մասին կեղծ հաղորդագրությունները դարձել են նմանատիպ միջադեպերի և կիբերհարձակումների շարքի մի մասը, որոնք վերջին շրջանում Եվրոպայի տարբեր երկրներում թիրախավորել են սուպերմարկետները, արյան բանկերը, օդային երթևեկության կառավարման համակարգերն ու լրատվամիջոցները։
Եվրոպացի պաշտոնյաներից ոմանք կասկածում են, որ Ուկրաինային աջակցող եվրոպական երկրների առօրյան ապակայունացնելու արշավի հետևում կարող է կանգնած լինել Ռուսաստանը։ Սակայն Իտալիայի իշխանությունները Մոսկվայի առնչության ապացույցներ դեռ չեն ներկայացրել։ Մոսկվան հերքում է մեղադրանքները և հայտարարում, որ պատրաստ է օգնել իտալական կողմին՝ բացահայտելու հաղորդագրությունների տարածման կազմակերպիչներին։
Կառավարության որոշումն արժանացել է ընդդիմության քննադատությանը։ Նախկին վարչապետ Մատեո Ռենցին հայտարարել է, որ սպառնալիքները հնարավոր էր կանխել կամ ժամանակին չեզոքացնել՝ կիբերհարձակումներից արդյունավետ պաշտպանության միջոցով։ Ընդդիմադիր կուսակցությունները միաժամանակ մեղադրել են կառավարությանը կիբերանվտանգության ոլորտում անբավարար ներդրումների և ավանդական սպառազինություններին չափազանց մեծ ուշադրություն դարձնելու համար։
Նմանատիպ նամակներ են ստացել նաև Շոտլանդիայի, Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի դպրոցները։ Տեղական իշխանությունները դրանցում պարունակվող սպառնալիքները կեղծ են համարել և թույլատրել շարունակել դասերը։