Հայաստանը կկարողանա վերականգնել իր ձայնի իրավունքը ՀԱՊԿ-ում, եթե վերսկսի ակտիվ մասնակցությունը կազմակերպությունում, Aif-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը։
Նրա խոսքով՝ Երևանը պետք է մասնակցի կազմակերպության ընթացիկ գործունեությանը՝ տարեկան մի քանի անգամ անցկացվող հանդիպումների, համաժողովների և խորհրդարանական ֆորումների։
«Այսինքն՝ ցույց տա, որ ակտիվ մասնակից է», – բացատրել է Ջաբարովը։
Սենատորը հավելել է, որ Հայաստանը պետք է մասնակցի նաև ՀԱՊԿ երկրների համատեղ զորավարժություններին։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 11-ին ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհուրդը զրկեց Հայաստանին քվեարկության և կազմակերպության կազմում բարձր պաշտոններում ներկայացուցիչներ նշանակելու իրավունքից։ Որոշումը կայացվել է ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի հիման վրա՝ երկու տարվա ընթացքում բյուջետային պարտքերը մարելու պարտավորությունները չկատարելու պատճառով։
Նշվել է, որ Հայաստանի նկատմամբ սահմանափակումները կշարունակվեն մինչև ՀԱՊԿ բյուջեի նկատմամբ նրա պարտքի լրիվ մարումը։ Հայաստանը, սակայն, շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ, հեռացման հարցը չի քննարկվել։