Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ ԱՄՀ թիմը անձնակազմի մակարդակով համաձայնության է հասել Հայաստանի իշխանությունների հետ եռամյա Stand-By համաձայնագրի (Stand-By Agreement, SBA) շրջանակում երկրորդ վերանայման ավարտի, ինչպես նաև «Դիմակայունության և կայունության հասնելու ֆինանսավորման մեխանիզմ» (Resilience and Sustainability Facility, RSF) նոր զուգահեռ ծրագրի վերաբերյալ:

«Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին: Գործադիր խորհրդի կողմից SBA-ի շրջանակում վերանայման հաստատումը հասանելիություն կբացի լրացուցիչ 25 մլն դոլարի (18.4 մլն SDR) նկատմամբ, ինչի արդյունքում 2025 թվականի դեկտեմբերին SBA-ի գործողության սկզբից ի վեր հասանելի միջոցների ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 75 մլն դոլար (55.2 մլն SDR): Գործադիր խորհրդի կողմից RSF ծրագրի հաստատումը հասանելիություն կբացի մինչև 193.2 մլն SDR (մոտավորապես 262 մլն դոլար) գումարի նկատմամբ՝ առաջիկա երկու տարիների ընթացքում չորս վերանայումների հաջող ավարտի պայմանով», — ասվում է Հիմնադրամի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ՝ սեպտեմբերի 16-29-ը Ալեքսանդր Թիմանի գլխավորած ԱՄՀ առաքելության՝ Երևան կատարած այցի արդյունքներով:

Կանխարգելիչ բնույթ կրող SBA պայմանավորվածությունն աջակցում է մակրոտնտեսական կայունության պահպանմանը և կայուն ու ներառական աճին: Քաղաքականության առաջնահերթությունները ներառում են հարկային բազայի ընդլայնումը, բյուջետային ռիսկերի նվազեցումը, ՀՀ ԿԲ կառավարման կատարելագործումը և վիճակագրական հաշվետվողականության բարելավումը:

RSF-ը կողմնորոշված է կլիմայի փոփոխության նկատմամբ կայունության բարձրացմանն ուղղված խորը ինստիտուցիոնալ բարեփոխումներին: Քաղաքականության միջոցառումներն ուղղված են տարերային աղետների ռիսկերի կառավարման, ջրային ռեսուրսների կառավարման, ցնցումներին արձագանքելու սոցիալական պաշտպանության համակարգի կարողության կատարելագործմանը, էներգետիկ անվտանգության բարձրացմանը և կլիմայական տվյալների վերաբերյալ հաշվետվողականության բարելավմանը:

SBA համաձայնագրի մասին

ԱՄՀ Գործադիր խորհուրդը 2025 թվականի դեկտեմբերի 4-ին հաստատել է Հայաստանի հետ 36-ամսյա նոր Stand-By Arrangement (SBA) համաձայնագիրը՝ 128.8 մլն SDR ծավալով (ԱՄՀ-ում Հայաստանի քվոտայի 100%-ը կամ շուրջ 175 մլն դոլար), որն աջակցություն կցուցաբերի երկրի իշխանություններին մակրոտնտեսական կայունության պահպանման և կառուցվածքային բարեփոխումների ծրագրի առաջմղման հարցում, ինչպես նաև կապահովի ապահովագրություն անորոշության պայմաններում:

Հաստատումից հետո Հայաստանին անմիջապես հասանելի է դարձել 18.4 մլն SDR-ին համարժեք գումարը (շուրջ 25 մլն դոլար): Մնացած գումարը կտրամադրվի հավասար տրանշերով՝ հաշվի առնելով վեց կիսամյակային վերանայումները: Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են այս պայմանավորվածությունը դիտարկել որպես նախազգուշական միջոց:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *