Կալանավորվելուց 20 օր անց «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սրտի կաթվածից մահացած՝ Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի գործով դատավոր Արամ Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել։
«Փաստինֆո»-ն տեղեկացնում է, որ դատավոր Արամ Գրիգորյանը սեփական նախաձեռնությամբ ինքնաբացարկ է հայտնել՝ նշելով, որ մահվան փաստի վերաբերյալ կատարված տարբեր անձանց և լրատվական կայքերի հրապարակումներում, այդ թվում պաշտպանի կողմից կատարված հայտարարություններում, մեղադրյալի մահը անուղղակիորեն կապվել է նրան կալանավորելու հանգամանքի հետ, այդ կապակցությամբ նաև կասկածի տակ դնելով մինչդատական վարույթի ընթացքում կայացված որոշման օրինականությունը, նաև արդեն գործը դատարան ուղարկված և նույն դատավորի վարույթում գտնվելու պայմաններում՝ տվյալ դատավորի անաչառությունը և անկողմնակալությունը:
Դատավորը նշել է, որ թեև գտնում է, որ կարող է տվյալ վարույթի ընթացքում լինել անկողմնակալ, սակայն նշված հանգամանքները կարող են ողջամիտ կասկած հարուցել անաչառ դիտորդի մոտ, որ դատավորը կաշկանդված է նախնական անձնական կարծիքով ու համոզմունքով, այն է՝ անկողմնակալ դիտորդի մոտ կարող է ողջամիտ կասկած առաջանալ նախագահողի անաչառության և անկողմնակալության վերաբերյալ: Դատավորի ինքնաբացարկից հետո գործը վերամակագրվել է դատավոր Վարդգես Սարգսյանին։