Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին զերծ մնալ անսպասելի քայլերից՝ Չինաստանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպման ընթացքում։ Կանցլերն ընդգծել է Արևմուտքի միասնական դիրքորոշման պահպանման կարևորությունը՝ հավելելով, որ Վաշինգտոնը պետք է շարունակի գործել «Եվրոպայի թիմի» և «Ուկրաինայի թիմի» կազմում։
«Այստեղ՝ Դուբլինում, ոմանք մտավախություն ունեն, որ սա կարող է վերաճել «Անքորիջի երկուսի» (նկատի ունի 2025-ի օգոստոսին Ալյասկայի Անքորիջ քաղաքում կայացած ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովը, ինչի ժամանակ տեղի էր ունեցել Թրամփ-Պուտին հանդիպումը- խմբ․)։ Ուստի ցանկանում եմ հստակ հայտարարել Միացյալ Նահանգներին՝ խնդրում եմ, առանց անակնկալների։ Շարունակեք խաղալ «Եվրոպայի թիմի» և «Ուկրաինայի թիմի» կազմում»,- ըստ Reuters-ի՝ Եվրամիության առաջնորդների հանդիպման ժամանակ հայտարարել է Մերցը։
Գերմանիայի կառավարության ղեկավարի այս հայտարարությունը պայմանավորված է եվրոպական մայրաքաղաքներում առկա անհանգստությամբ, որ ԱՄՆ նախագահը կարող է Ռուսաստանի հետ երկկողմ բանակցությունների գնալ՝ առանց եվրոպացի դաշնակիցների և Կիևի հետ նախապես համաձայնեցնելու։