Ադրբեջանում ևս երկու լրագրող է դատապարտվել ազատազրկման

Ադրբեջանում դատարանը լրագրող և Meclis.info հարթակի ղեկավար Իմրան Ալիևին դատապարտել է 10 տարվա, իսկ ակտիվիստ Էլգիզ Գահրամանին՝ 9 տարվա ազատազրկման։

Դատավճիռը կայացվել է Ադրբեջանի անկախ լրատվամիջոցների և լրագրողների նկատմամբ շարունակվող ճնշումների ֆոնին։ Վերջին տարիներին երկրում տասնյակ լրագրողներ և լրատվամիջոցների աշխատակիցներ են ազատազրկվել։ Իշխանությունները բազմիցս հերքել են հետապնդումների քաղաքական դրդապատճառների մասին մեղադրանքները՝ պնդելով, թե ձերբակալվածները կալանքի տակ են պահվում քրեական մեղադրանքների հիման վրա։

Դատավճռի հրապարակումից հետո Գահրամանը ձերբակալվել է դատարանի դահլիճում, իսկ մյուս մեղադրյալը՝ Meclis.info-ի հաշվապահ Թամելլա Մուսաևան, ստացել է 8 տարվա պայմանական ազատազրկում։ Ալիևը հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները և իր նկատմամբ քրեական հետապնդումը կապում Ադրբեջանի խորհրդարանի և դրա անդամների գործունեությունը լուսաբանելու իր աշխատանքի հետ։ Դատավճիռը հրապարակվել է հինգշաբթի՝ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում կայացած նիստում։

Ինչպես Meydan TV-ին հայտնել են Գահրամանի հարազատները, ակտիվիստը ձերբակալվել է դատավճռի հրապարակումից անմիջապես հետո՝ դատարանի դահլիճում, և տեղափոխվել Բաքվի նախնական կալանքի կենտրոն։ Նրա հարազատների խոսքով՝ նա պատիժը կկրի խիստ ռեժիմի քրեակատարողական հիմնարկում։

Մեղադրյալներին առաջադրվել են ապօրինի ձեռնարկատիրության, փողերի լվացման, մաքսանենգության, հարկերից խուսափելու, փաստաթղթեր կեղծելու և կեղծ փաստաթղթեր օգտագործելու մեղադրանքներ։

Հոկտեմբերի 20-ին կայացած դատական նիստում մեղադրողը պահանջել էր Իմրան Ալիևին դատապարտել 12, իսկ Էլգիզ Գահրամանին՝ 11 տարվա ազատազրկման։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *