Բունդեսթագի բյուջետային հանձնաժողովը հավանություն է տվել Ուկրաինային լրացուցիչ 200 միլիոն եվրոյի հատկացմանը՝ ձմռան ամիսներին օգնություն տրամադրելու համար։ Դրա մասին նոյեմբերի 13-ին հայտնել են Գերմանիայի արտաքին գործերի և տնտեսական համագործակցության ու զարգացման նախարարությունները։
«Արտաքին գործերի նախարարությունը և Տնտեսական համագործակցության ու զարգացման դաշնային նախարարությունը հնարավորինս սեղմ ժամկետում ձմեռային օգնության համար հատկացնում են ընդհանուր առմամբ 200 միլիոն եվրոյի լրացուցիչ միջոցներ։ Այսօր Բունդեսթագի բյուջետային հանձնաժողովը հավանություն է տվել դրան»,- ասվում է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման նախարարության հատկացրած միջոցները կուղղվեն կրթական հաստատությունների, դրանց թվում՝ դպրոցների և մանկապարտեզների աջակցությանը։ Ֆինանսավորում է նախատեսված նաև գյուղատնտեսության ոլորտի և քաղաքացիական պաշտպանության ծառայությունների համար։
Գերմանիայի ԱԳՆ-ի միջոցով օգնություն կստանան առաջնագծին հարակից տարածքների բնակիչները, ներքին տեղահանված անձինք և հարևան պետություններում, դրանց թվում՝ Մոլդովայում գտնվող փախստականները։ Միջոցների մի մասը նախատեսվում է օգտագործել քաղաքային ենթակառուցվածքները ձմեռային սեզոնին նախապատրաստելու համար։