Կուբան լրջորեն է վերաբերվում կղզու դեմ ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողության սպառնալիքին և պարբերաբար բնակչությանն երկրի պաշտպանությանը նախապատրաստելու միջոցառումներ է անցկացնում։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Կուբայի մշտական ներկայացուցիչ Էռնեստո Սոբերոն Գուսմանը։
«Մենք շատ լուրջ ենք վերաբերվում դրան։ Այդ պատճառով, օրինակ, Կուբայում յուրաքանչյուր ուրբաթ նվիրում ենք պաշտպանության օրվան՝ ամբողջ ժողովրդին մեր ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը նախապատրաստելու համար։ Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի, այդ թվում՝ ռազմական գործողությունների», – ասել է դիվանագետը։
Սոբերոն Գուսմանի խոսքով՝ Կուբայի ղեկավարությունը հաշվի է առնում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային հայտարարությունները, որոնցում նրանք չեն բացառել կղզու դեմ ուժի կիրառման հնարավորությունը։
Դիվանագետը նշել է, որ սպառնալիքները գնահատելիս Հավանան հաշվի է առնում նաև վերջին տարիներին միջազգային ասպարեզում Վաշինգտոնի գործողությունները։
«ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի օրոք նրա բարձրաստիճան ղեկավարները ոչ թե մեկ կամ երկու, այլ բազմաթիվ հրապարակային հայտարարություններ են արել Կուբան գրավելու, ռմբակոծելու և ոչնչացնելու պատրաստակամության մասին։ Սա ևս մեկ կարևոր պատճառ է նման սպառնալիքներին լրջորեն վերաբերվելու համար», – ընդգծել է նա։
ՄԱԿ-ում Կուբայի մշտական ներկայացուցիչը նշել է, որ Կուբայի իշխանություններն առաջին հերթին շահագրգռված են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորմամբ՝ չնայած առկա քաղաքական տարաձայնություններին։