Ֆրանսիայում 106 հազար մարդ է մասնակցել գների աճի և իրավապահների կողմից բռնությունների դեմ բողոքի ցույցերին։
Ինչպես հայտնում է CNEWS հեռուստաալիքը, որը հղում է անում Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությանը, նոյեմբերի 14-ին երկրի տարբեր քաղաքներում զանգվածային ցույցեր են անցկացվել։
Ամենախոշոր ցույցը տեղի է ունեցել Փարիզում։ Նախարարության գնահատմամբ՝ մայրաքաղաքի փողոցներ է դուրս եկել 24 հազար մարդ։
Ցույցի մեծ մասն անցել է խաղաղ, սակայն երթի ավարտին ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել։ Ագրեսիվ տրամադրված խմբերին ցրելու համար իրավապահները կիրառել են լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ։
Բախումներ են արձանագրվել նաև այլ քաղաքներում, որտեղ ցույցերն անցկացվել են «Դեղին ժիլետներ» (Gilets jaunes) շարժման, ինչպես նաև ուսանողական և աշակերտական միավորումների կոչով։
Նանտում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ է կիրառել։ Ցուցարարների և իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել նաև Բորդոյում և Լիոնում։
Նշենք, որ Ֆրանսիայում զանգվածային բողոքի ցույցերը շարունակվում են սեպտեմբերի վերջից։ Դպրոցականները փակել են մի շարք ուսումնական հաստատություններ՝ բողոքելով դպրոցների վիճակի, ուսումնական չափազանց մեծ ծանրաբեռնվածության և ուսուցիչների պակասի դեմ։
Հոկտեմբերին ցույցերին միացել են նաև արհմիությունները՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը։