ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է արգելափակել Կոնգրեսում դեմոկրատների հետաքննությունները, երբ նրանք վերականգնեն վերահսկողությունն օրենսդիր մարմնի նկատմամբ, գրել է The New York Times-ը։
Ի տարբերություն իր առաջին պաշտոնավարման շրջանի, երբ նա փորձում էր ձգձգել ստուգումները և խոչընդոտել քննիչների աշխատանքը, այժմ նրա վարչակազմը մտադիր է կասկածի տակ դնել որոշ խորհրդարանական հետաքննությունների օրինականությունը և դրանց նախաձեռնողներին սպառնալ քրեական պատասխանատվությամբ։
Առճակատման նախապատրաստմամբ զբաղվում է Սպիտակ տունը՝ նախագահի աշխատակազմի նոր ղեկավար Սթիվեն Միլլերի մասնակցությամբ, որը Կապիտոլիումում աշխատելու մեծ փորձ ունի։ Պայքարին պատրաստվում են նաև արդարադատության նախարարությունը և Սպիտակ տան իրավաբանական ծառայությունը։
Վարչակազմի գլխավոր նպատակն է սահմանափակել որոշումների ընդունման, բարձրաստիճան պաշտոնյաների և ազդեցիկ անձանց գործողությունների մասին տեղեկություններին դեմոկրատների հասանելիությունը։ Թրամփի օգնականների տեղեկությունների և նրա հրապարակային հայտարարությունների համաձայն՝ ԱՄՆ նախագահը նաև մտահոգված է, որ հետաքննությունները կարող են առնչվել իր շինարարական նախագծերի խոշոր հովանավորներին։
Դեմոկրատներն արդեն նամակներ են ուղարկել հետաքննությունների տասնյակ հավանական թիրախների։ Քննության ենթակա հարցերի թվում են գիտական հետազոտությունների ֆինանսավորման կրճատումը և Սպիտակ տանը պարահանդեսների դահլիճի կառուցման համար կատարված նվիրատվությունները։
Հինգշաբթի սենատոր Էլիզաբեթ Ուորենը, կոնգրեսական Ռոբերտ Գարսիան և սենատոր Ռիչարդ Բլյումենթալը հայտարարել են Թրամփի համար դրամահավաքի առաջատար կազմակերպիչներից մեկի՝ Մերեդիթ Օ’Ռուրկի նկատմամբ հետաքննություն սկսելու մասին։ Ըստ լրատվամիջոցների հաղորդումների՝ նա համակարգել է նախագահի աջակցությունը վայելող շինարարական նախագծերի համար ավելի քան 800 մլն դոլարի նվիրատվությունների հավաքագրումը։
«Դրամահավաքի գործողությունից, որը, ըստ տեղեկությունների, նախագահ Թրամփը ղեկավարում է ձեր օգնությամբ, հնարավոր կոռուպցիայի և փոխադարձ ծառայությունների վրա հիմնված քաղաքականության հոտ է գալիս»,— նշվել է Օ’Ռուրկին ուղղված օրենսդիրների նամակում։ Նրա ներկայացուցիչը հերքել է մեղադրանքները՝ հայտարարելով, որ Թրամփին հնարավոր չէ գնել, իսկ դեմոկրատների պնդումներն անհիմն են։
Մինչ այդ Սպիտակ տունն ուժեղացնում է վարչակազմի իրավական պաշտպանությունը։ Ամռանն արդարադատության նախարարության իրավախորհրդատուի գրասենյակը հրապարակել է եզրակացություն, ըստ որի՝ գործադիր իշխանության արտոնությունը կարող է տարածվել անգամ կառավարությունում չաշխատող անձանց նամակագրության վրա, եթե այն վերաբերում է Թրամփին և նրա մերձավոր օգնականներին։
Շաբաթ օրը նախագահը կոչ է արել արդարադատության նախարարությանը ստուգել դեմոկրատների նամակները՝ դրանք անվանելով անմեղ մարդկանց ուղղված սպառնալիք և «հանցավոր արարք»։ Չորեքշաբթի Տեխասի հարավային շրջանի ԱՄՆ դատախազ Ահարոն Ռեյցը Բլյումենթալին նախազգուշացրել է հնարավոր լուրջ իրավական հետևանքների մասին, եթե վերջինս շարունակի պարահանդեսների դահլիճի հովանավորների նկատմամբ հետաքննությունը։
Գլխավոր դատախազ Թոդ Բլանշը հայտարարել է, որ արդարադատության նախարարությունը քրեական քննություններ չի իրականացնում Կոնգրեսի ապագա անդամների հայտարարությունների առնչությամբ, սակայն մտահոգություն է հայտնել դրանցից մի քանիսի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ քննադատությունը որոշակի պահի կարող է վերածվել սպառնալիքի, իսկ սպառնալիքը՝ հանցագործության։
Սպիտակ տան իրավաբան Ուիլ Շարֆն իր հերթին նախազգուշացրել է Գարսիային, որը պետք է գլխավորի Ներկայացուցիչների պալատի վերահսկողության կոմիտեն, որ հետաքննությունների անցկացումը կարող է քրեաիրավական հետևանքներ ունենալ։ Ընդ որում, Շարֆը չի պարզաբանել, թե ինչպես է վարչակազմի դիրքորոշումը համատեղվում օրենսդրական գործունեության ազատության մասին սահմանադրական դրույթի հետ, որը կոնգրեսականներին պաշտպանում է իրենց լիազորությունների շրջանակում կատարած աշխատանքի համար գործադիր իշխանության հետապնդումից։
Իրավաբանները նախազգուշացնում են, որ նման առճակատումը կարող է սրել գործադիր և օրենսդիր իշխանությունների միջև հակամարտությունը։ Եթե վարչակազմը հրաժարվի կատարել Կոնգրեսի ծանուցագրերով ներկայացված պահանջները, վեճերը, հավանաբար, կտեղափոխվեն դատարաններ և կարող են ձգվել ամիսներ կամ տարիներ։
Դեմոկրատների տրամադրության տակ մնում է նաև մեկ այլ գործիք՝ Կոնգրեսի՝ իր պահանջների կատարումն ինքնուրույն ապահովելու այսպես կոչված իրավունքը, որը թույլ է տալիս կարգադրել ձերբակալել օրենսդիր մարմնի կարգադրությունները կատարելուց հրաժարված պաշտոնյային։ Սակայն վաղուց չկիրառված այս մեխանիզմի գործարկումը կնշանակեր հակամարտության հետագա սրում։