«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան

«Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԿԻԲԵՌՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ Ո՞Վ Է ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՏՈՒԺՈՂ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ։
     Կիբեռհանցագործությունների և կեղծ ներդրումային հարթակների միջոցով իրականացվող խարդախությունների հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ զրկվում են իրենց խնայողություններից։ Նրանք դիմում են իրավապահ մարմիններին, ներկայացնում հաղորդումներ, ճանաչվում տուժող և սպասում քննության արդյունքներին։
     Բայց ի՞նչ է տեղի ունենում հետո։
     Տուժողը դիմում է պետական մարմնին և ստանում գրեթե նույն պատասխանը.
     «Քրեական վարույթ է նախաձեռնվել, Դուք ճանաչվել եք տուժող, քննությունը շարունակվում է»։
     Լավ, իսկ հետո՞։
     Որքա՞ն ժամանակ պետք է շարունակվի քննությունը՝ առանց տուժողի համար որևէ տեսանելի արդյունքի։
     Ի՞նչ է արվել հափշտակված գումարների շարժը պարզելու, ֆինանսական հետքերը բացահայտելու, հանցագործներին հայտնաբերելու և հնարավոր գումարները վերադարձնելու ուղղությամբ։
     Արդյո՞ք ուսումնասիրվում են փոխկապակցված խարդախության դեպքերը, երբ նույն կամ նմանատիպ սխեմաներով տասնյակ ու հարյուրավոր քաղաքացիներ են տուժել։
     Ո՞վ է վերահսկում, որ քննությունը չսահմանափակվի վարույթի առկայության մասին տեղեկություններ տրամադրելով։
     Ես ուսումնասիրել եմ բազմաթիվ տուժողների դեպքեր։ Նրանցից ստացված պատասխանների համադրությունը լուրջ հարցեր է առաջացնում․ քաղաքացիները ճանաչվել են տուժող, սակայն նրանց տրամադրվող պատասխանները հիմնականում սահմանափակվում են քննության ընթացքի մասին ընդհանուր տեղեկությամբ։
     Պետք է հստակ արձանագրենք մեկ բան.
     Պետությունը պարտավոր է պատասխանել ոչ թե միայն այն հարցին, թե արդյոք քրեական վարույթ կա, այլ այն հարցին, թե այդ վարույթն ինչ իրական արդյունք է տվել և ինչու։
     Մենք չենք պահանջում երաշխավորել յուրաքանչյուր գործի բացահայտումը կամ յուրաքանչյուր կորցրած դրամի վերադարձը։ Մենք պահանջում ենք արդյունավետ քննություն, պետական մարմինների հաշվետվողականություն և տուժողների իրավունքների իրական պաշտպանություն։
     Այս հարցը միայն իրավապահ մարմինների խնդիրը չէ։ Այն վերաբերում է նաև ֆինանսական համակարգի վերահսկողությանը, ՀՀ Կենտրոնական բանկի Central Bank of Armenia գործառույթներին և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան – Human Rights Defender of Armenia մարդու իրավունքների պաշտպանության պետական մեխանիզմներին։
     Քաղաքացին չպետք է հանցագործությունից հետո ստիպված լինի միայնակ պայքարել նաև այն համակարգի դեմ, որից ակնկալում է պաշտպանություն։
     Հանրային վերահսկողություն ՀԿ-ն առաջիկայում այս հարցը կբարձրացնի պետական համապատասխան կառույցների առջև՝ պահանջելով հստակ պատասխաններ և համակարգային խնդիրների լուծմանն ուղղված քայլեր։
     Հարցը պարզ է՝ տուժող ճանաչելուց հետո պետությունն ի՞նչ է անում տուժողի իրավունքները պաշտպանելու համար»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *