Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում լարվածության պատճառը, հիջաբներից զատ, Հայաստանն ու Իսրայելն են․ Al-Monitor

Հիջաբների շուրջ վեճից հետո Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածությունը թուլացել է, գոնե՝ հրապարակայնորեն։ Սակայն այս դեպքը բացահայտեց ներքին գործերին միջամտության, Հայաստանի հետ հարաբերությունների և Բաքվի սերտ կապերի շուրջ առկա տարաձայնությունները․ գրում է Al-Monitor-ը։

Ճգնաժամը մեղմացավ միայն այն բանից հետո, երբ Էրդողանը նոյեմբերի 8-ին այցելեց Ադրբեջան, որտեղ նա և Ալիևը հրապարակայնորեն վերահաստատեցին իրենց սերտ կապերը։ Հետագայում Ալիևը նոյեմբերի 11-ին մասնակցեց Անթալիայում կայացած COP31 հանդիպմանը։

«Ո՛չ թուրքական կողմը, ո՛չ էլ ադրբեջանական կողմը լավ չկառավարեցին այս ճգնաժամը»,- Al-Monitor-ի հետ զրույցում նշել է Բաքվում գործող Միջազգային հարաբերությունների և ռազմավարական հետազոտությունների կովկասյան կենտրոնի (QAFSAM) փոխտնօրեն Նազիմ Ջաֆարովը։

Թեև Անկարան ու Բաքուն անցյալում բազմաթիվ հարցերի շուրջ տարաձայնություններ են ունեցել, նրանք հազվադեպ են նման հրապարակային հանդիմանություններ արել։

Ըստ Ջաֆարովի՝ Բաքուն կրոնական հարցերին նայում է ոչ թե կրոնի ազատության, այլ ազգային անվտանգության տեսանկյունից։

Բաքուն Թուրքիայի քննադատությունը դիտարկում է նաև որպես «ավագ եղբոր» դեր ստանձնելու և ներքին քաղաքականությունը թելադրելու փորձ։ Այս լարվածության ֆոնին հոկտեմբերի 2-ին Ալիևն Անկարային ուղղեց զգուշացում՝ կոչ անելով անանուն «արտաքին ուժերին» չմիջամտել «մեր գործերին» և չթելադրել, թե «ինչ պետք է անենք»։

Բաքվի մեկ այլ դժգոհություն կապված է Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ։ Թեև Անկարան հարաբերությունների լիարժեք կարգավորումը պայմանավորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի կնքմամբ, Թուրքիան և Հայաստանն աստիճանաբար բարելավում են կապերը։ Դա ներառում է նաև ընդհանուր սահմանի վերաբացման ուղղությամբ քայլեր։

Թուրքիան նույնպես դժգոհություններ ունի Բաքվի վերաբերյալ։ Թուրքիայի ազգային անվտանգության ոլորտի աղբյուրը, որն Al-Monitor-ի հետ զրուցել է անանուն մնալու պայմանով, դրանցից մեկը նկարագրել է որպես «Ադրբեջանի չափազանց միջամտություն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման Անկարայի ջանքերին»:

Ադրբեջանը դեմ է սահմանի բացմանը, մինչև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Մինչդեռ Անկարան ձգտում է վերաբացել Հայաստանի հետ սահմանը՝ առևտուրը խթանելու և սահմանամերձ նահանգների տնտեսությունը վերականգնելու համար:

Թուրք պաշտոնյաները հրապարակավ խուսափել են քննադատել նաև Բաքվի և Իսրայելի միջև սերտ կապերը։ Սակայն թուրք պաշտոնյաներն իրենց դժգոհությունն են հատնել, երբ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը Բաքու է ժամանել ադրբեջանական առևտրային չվերթով։

Չնայած առկա դժգոհություններին՝ ճգնաժամի արագ հարթումը ցույց տվեց, որ Թուրքիան և Ադրբեջանը չափազանց մեծ շահեր ունեն, որպեսզի թույլ տան հարաբերություններում ավելի խոր ճգնաժամի առաջացումը։

Հարաբերությունների պահպանման հարցում Թուրքիան ունի զգալի տնտեսական և էներգետիկ շահեր։

Ադրբեջանը, որի բանակը համալրվում է պարտադիր զորակոչի միջոցով, ավելի քան մեկ տասնամյակ զբաղված է եղել իր՝ հիմնականում խորհրդային ժամանակաշրջանի զինանոցի արդիականացմամբ։ Թուրքիան աջակցել է այդ գործընթացին՝ ապահովելով ռազմական պատրաստություն, համատեղ զորավարժություններ և սպառազինության վաճառք՝ նպաստելով ադրբեջանական զինուժի համապատասխանեցմանը ՆԱՏՕ-ի չափանիշներին։ Անկարան Բաքվին մատակարարում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) և բարձր ճշգրտության զինատեսակներ, այդ թվում՝ Bayraktar TB2 ԱԹՍ-ներ, որոնք 2020 թվականին հարևան երկրի հետ պատերազմի ժամանակ կիրառվել են հայկական հակաօդային պաշտպանության համակարգերի դեմ։

2021 թվականին կնքված պաշտպանական համաձայնագրի համաձայն՝ երկու երկրները պարտավորվել են ռազմական աջակցություն և օգնություն ցուցաբերել, եթե երկրներից որևէ մեկի անվտանգությանը սպառնալիք առաջանա։

Էներգետիկ ոլորտում համագործակցությունը փոխադարձ բնույթ է կրում. Թուրքիան առանցքային տարանցիկ ուղի է ադրբեջանական արտահանման համար. Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով նավթ է հասնում միջազգային շուկաներ, իսկ Անդրանատոլիական գազատարով (TANAP)՝ գազը տեղափոխվում դեպի Եվրոպա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *