Ուկրաինան հարված է հասցրել Ղրիմի կամրջին

Ուկրաինական զորքերը նոյեմբերի 16-ի գիշերը հարձակվել են Կերչի կամրջի վրա, հայտարարել է Մոսկվայի կողմից նշանակված Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։ «Հակառակորդը հարված է հասցրել Ղրիմի կամրջին։ Այդ կապակցությամբ երթևեկությունը կսահմանափակվի մոտավորապես մինչև կեսօր», — գրել է նա իր տելեգրամյան ալիքում։ Ակսյոնովը նաև հայտնել է օպերատիվ շտաբի աշխատանքների մեկնարկի մասին։

«Ղրիմի կամուրջ․ օպերատիվ տեղեկություններ» ալիքի տվյալներով՝ կամրջով երթևեկությունը փակվել է Մոսկվայի ժամանակով ժամը 02:22-ի սահմաններում։ Ուկրաինական «Ղրիմի քամի» մշտադիտարկման հարթակը, հղում անելով տեղի բնակիչներին, հայտնել է ռեակտիվ անօդաչու թռչող սարքերի և Կերչում պայթյունների մասին։ Ալիքի բաժանորդներից մեկը պնդել է, որ կամրջին հարվածել են «առավոտյան ժամը 6-ի սահմաններում»։ Ղրիմի կամրջի վրա հարձակման մասին, ականատեսներին հղում անելով, հայտնում են նաև մշտադիտարկմամբ զբաղվող այլ հանրային էջեր։

Z-բլոգեր «Տասներեքերորդը», հղում անելով տեղի բնակիչներին, նույնպես գրել է «Կերչի կամրջին հարվածի» մասին։ «Հետևանքների և հնարավոր վնասների մասին տեղեկությունները ճշտվում են։ Սպասում ենք մանրամասների», — ասվում է գրառման մեջ։

Կամրջի փակման պատճառով ուշանում են Ղրիմ ուղևորվող չորս գնացքներ, գրում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով թերակղզի երկաթուղային ուղևորափոխադրումներ իրականացնող «Գրանդ Սերվիս Էքսպրես» (ԳՍԷ) ընկերության ներկայացուցչին։ ԳՍԷ-ի տելեգրամյան ալիքի համաձայն՝ խախտվել է Մոսկվայից մեկնող երկու, ինչպես նաև Ադլերից և Պետերբուրգից մեկնող գնացքների չվացուցակը։ Ուշացումը կազմում է 2-ից մինչև 4,5 ժամ։ «Ճանապարհին ուշացման տևողությունը կարող է փոխվել։ Գնացքների պետերը, տեղեկություններ ստանալուն պես, ուղևորներին հայտնում են կայարան ժամանելու ակնկալվող ժամը», — ասվում է հաղորդագրության մեջ։

Լայնամասշտաբ պատերազմի մեկնարկից ի վեր ուկրաինական ուժերը երկու անգամ լրջորեն վնասել են Ղրիմի կամուրջը՝ 2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի հուլիսին։ Բացի այդ, 2025 թվականի հունիսին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈւԱԾ) հայտարարել էր կամրջի հենասյուների մոտ ստորջրյա պայթեցման մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *