Արսեն Գևորգյանի մահը մեզ համար ցավ է, բայց նաև պարտավորություն՝ պայքարելու հանուն արդարության․ Գոհար Մելոյան

Հայաստանում մարդու՝ հատկապես քաղաքական իրավունքների սահմանափակումներն ու ոտնահարումները դարձել են պետության հիմնախնդիրներից մեկը. խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունը, որ ժամանակին իրեն հռչակում էր «ժողովրդավարության բաստիոն», այսօր քաղաքական իրավունքների դրսևորման համար հետապնդում և պատժում է մարդկանց։

Մելոյանի գնահատմամբ՝ կալանքը, որ պետք է կիրառվի որպես խափանման բացառիկ և ծանր միջոց, Հայաստանում վերածվել է պատժիչ գործիքի։ Նա քննադատեց իրավապահ մարմինների կողմից տեսանյութերի հրապարակման և դրանց միջոցով մարդկանց թիրախավորելու պրակտիկան՝ նշելով, որ դա հարվածում է ինչպես մարդու պատվին ու արժանապատվությանը, այնպես էլ անմեղության կանխավարկածին։

Անդրադառնալով իր թիմակից Արսեն Գևորգյանի մահվանը՝ Մելոյանը նշեց, որ նրա մահը չի կարող դառնալ մոռացված դրվագ։ Նրա խոսքով՝ Գևորգյանը պայքարել է իր համայնքի բարօրության համար, եղել է ազնիվ ու արժանապատիվ մարդ, սակայն քաղաքական գործընթացներում ներգրավված լինելու պատճառով հայտնվել է մի համակարգի թիրախում, որի գործողությունները հանգեցրել են ծանր հետևանքների։

Կուսակցության անդամը նշեց, որ օրերս Ստեփանավանում են եղել, որտեղ մարդիկ մեծ ցավով են խոսել Արսեն Գևորգյանի մահվան մասին։ Նրա խոսքով՝ Գևորգյանը մահացել է մի վայրում, որտեղ պետությունը պարտավոր էր երաշխավորել նրա անվտանգությունը, և պատասխանատվություն է կրում նրա մահվան հանգամանքների համար։

Գևորգյանի մահվան պատճառներից մեկը, նրա գնահատմամբ, պատշաճ բժշկական օգնության բացակայությունն է եղել։

Մելոյանը ներկայացրեց մի շարք առաջարկներ՝ պահանջելով խորհրդարանական վերահսկողության առարկա դարձնել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները։

«Ուսումնասիրել Հայաստանում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմնավորվածությունը և այդ դեպքերի վերաբերյալ վիճակագրություն վարել, խորհրդարանի քննարկման ու վերահսկողության առարկա դարձնել քաղաքական դրդապատճառներով ազատազրկված անձանց պահման պայմանները, ուսումնասիրել կալանավայրերում բժշկական օգնության տրամադրման վիճակը»,- առաջարկեց Գոհար Մելոյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում անմեղության կանխավարկածը պետք է լինի անշահարկելի սկզբունք, իսկ արդարությունը՝ իրավական պետության և ժողովրդավարական հասարակության հիմնաքար։

«Արսեն Գևորգյանի մահը չի դառնալու մոռացված դրվագ, այն մեզ համար ցավ է, բայց նաև մեզ համար պարտավորություն է՝ հիշելու և պայքարելու հանուն արդարության և հանուն մեր հռչակած սկզբունքների և արժեքների»,- նշեց Գոհար Մելոյանը։

Անի Աբաղյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *