«2018-ին իմ երեխային SMS էիք ուղարկում՝ ասելով՝ մորդ դագաղը մորգից տար»․ Նաիրա Զոհրաբյանը՝ Սրբուհի Գալյանին

Ազգային ժողովում «Քաղաքական հալածանքները և ժողովրդավարության հետընթացը Հայաստանում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի՝ իր երեխայի հասցեին հնչող մահվան ցանկությունների վերաբերյալ հայտարարությանը։

Զոհրաբյանը հիշեցրել է 2018 թվականի իրադարձությունները՝ պնդելով, որ այդ ժամանակ իր երեխային մոր մահվան մասին սահմռկեցուցիչ հաղորդագրություններ են ուղարկվել։

«2018 թվականին իմ երեխային SMS էիք անում՝ ասելով, որ մայրդ մահացել է, գնա դագաղը մորգից վերցրու»,- հայտարարել է Զոհրաբյանը։

Դիմելով Սրբուհի Գալյանին՝ նա իշխանության ներկայացուցիչներին մեղադրել է երկակի չափանիշներ կիրառելու մեջ։

«Տիկի՛ն Գալյան, դուք չունեք ապրումակցում, դուք չունեք էմպատիա։ Դուք մի իշխանության ներկայացուցիչ եք, որը ողջ մարդկանց դռներին դագաղներ է դրել։ Այսօր դուք խոսում եք ձեր երեխայի մասին։ Ձեր երեխան իմ երեխայից լա՞վն է»,- ասել է նախկին պատգամավորը։

Ելույթի ավարտին Զոհրաբյանը նաև հայտարարել է, որ իշխանությունը չի կարող խուսափել սեփական գործողությունների հետևանքներից՝ հիշատակելով բումերանգի սկզբունքը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *