Ադրբեջանցի զինծառայողի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան․ ABC Media-ին հայտնեցին Դատախազությունից։

Գործը քննվելու է Սյունիքի դատարանում։

Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի հատել էր Հայաստանի պետական սահմանը և ներթափանցել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի տներից մեկը։ Նա հրազենով կրակել է Անի Ավետիսյանի ու նրա երկու անչափահաս երեխաների ուղղությամբ։ Անի Ավետիսյանը ծանր վիրավորում է ստացել։ Հոկտեմբերի 1-ից հիվանդանոցում է, երրորդ վիրահատությունն է ունեցել։ Իսկ երեխաները, ըստ Անի Ավետիսյանի, հոգեպես ծանր վիճակում են, վախեցած։

Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 2-ին ադրբեջանցի զինվորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, իսկ դատարանը նրան երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացրել։

Նոյեմբերի 13-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ գործով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։ Այժմ գործը հանձնվել է դատարան։

Դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը նոյեմբերի 3-ին հայտնել էր, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Մուսաևը սպանելու դիտավորություն չի ունեցել։

Անի Աբաղյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *