Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից. Անդրանիկ Թևանյանի հերթական ուղերձը ՔԿՀ-ից

Անվտանգային հարցերում լղոզվածությունը տեղ չունի, դատարկաբանությունը՝ նույնպես, հայտարարել է «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից հղված հերթական ուղերձում։

Ըստ նրա՝ ՀԱՊԿ-ում դեղին քարտ ցույց տվեցին Հայաստանին՝ զրկելով մեզ ձայնի իրավունքից, բայց միևնույն ժամանակ դուռը չփակեցին մեր առջև՝ հայտարարելով, որ ՀՀ-ն կարող է ամբողջությամբ վերականգնել իր կարգավիճակը, երբ վճարի անդամավճարը։

«Դա «թարգմանաբար» նշանակում է, որ ՀԱՊԿ-ը, և մասնավորապես Ռուսաստանը, չի ընդունում ՀՀ գործող իշխանությանը, բայց բարեկամ ու դաշնակից է համարում ՀՀ-ին և ՀՀ քաղաքացիներին։ Այսինքն՝ Մոսկվան հստակ տարանջատում է մտցնում ՀՀ օրվա իշխանության և հայ ժողովրդի միջև»,-նշված է ուղերձում։

Թևանյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փ.-ի քաղաքականությունը՝ հայ-ռուսական հարաբերությունները հետևողականորեն թշնամացնելու և Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունները զրոյացնելու ուղղությամբ, ոչ թե ավելացրել, այլ նվազեցրել է մեր երկրի ինքնիշխանության մակարդակը։

Նրա կարծքով՝ երբ ՀՀ իշխանությունը փչացնում է հարաբերությունները մեր բնական ու ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ, դրանով իսկ ոչ թե այլընտրանքային անվտանգային համակարգ է ապահովում, այլ դուռ է բացում թուրք-ադրբեջանական հարձակման համար։ Ու դա այն դեպքում, երբ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն մշտապես անկեղծ են եղել և հայտարարել, որ անվտանգային հարցերում իրենք Հարավային Կովկասում անելիք չունեն և չեն կարող ՀՀ-ին անվտանգության երաշխիքներ տալ։

Նա շեշտել է՝ ԵՄ-ն խրախուսում է Նիկոլ Փ.-ի հակառուսական քաղաքականությունը, ինչպես որ Արցախն Ադրբեջանին հանձնելու և հայերի էթնիկ զտումներ իրականացնելու հարցում խրախուսեցին։

««Քաղաքացիական պայմանագրի» պարագլուխները այսպես ասած, «խնամում են խաղաղությունը», որն իրականում ժամանակավոր հրադադար է, ու միաժամանակ թշնամացնում է հարաբերությունները դաշնակից Ռուսաստանի հետ ու լարվածություն առաջացնում Իրանի հետ հարաբերություններում»,-նշված է ուղերձում։

ՀՀ-ն պետք է վերականգնի իր կարգավիճակը ՀԱՊԿ-ում, բնականոն ու ռազմավարական դարձնի հարաբերությունները ՌԴ-ի հետ և գնա կայուն ու երաշխավորված խաղաղության հաստատման ճանապարհով, եզրափակել է Թևանյանը՝ հավելելով, որ դա դեռ հնարավոր է, բայց ոչ այսօրվա քաղաքական կուրսի պարագայում։

Նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում որոշում է կայացվել Հայաստանին զրկել կազմակերպությունում ձայնի և պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից։ Կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը, սակայն, հայտարարել է, որ Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարց չի բարձրացվել։

2024 թվականին Հայաստանը հայտարարել է ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը սառեցնելու մասին և դադարեցրել անդամավճարների վճարումը։ Կազմակերպության կանոնադրությամբ, սակայն, անդամակցության սառեցման ընթացակարգ նախատեսված չէ, ինչի մասին կառույցի ղեկավարներն ու ՌԴ պաշտոնյաները բազմիցս հայտարարել են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *