Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը հանդիպել է ՆԱՏՕ-ի երկրների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի հետ։
Հաջիևը նշել է, որ ՆԱՏՕ-Ադրբեջան հանդիպումը հնարավորություն է տվել գնահատելու Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերության ոլորտում ձեռք բերված առաջընթացը և քննարկելու տարածաշրջանային և միջազգային զարգացումները։
Նա հավելել է, որ Ադրբեջանը՝ «որպես ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր, հետևողականորեն նպաստում է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը, այդ թվում՝ միջազգային խաղաղապահ գործողություններին մասնակցելու միջոցով»:
Նա նշել է, որ վերջին տարիներին Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունը վերաճել է բազմակողմանի գործընկերության, որը ներառում է քաղաքական երկխոսություն, պաշտպանության, անվտանգության ոլորտներում գործնական համագործակցություն և կարողությունների զարգացում։
«Մեր գործընկերությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, ընդհանուր շահերի և գործնական համագործակցության վրա։ Մենք պատրաստ ենք շարունակել զարգացնել այս գործընկերությունը՝ հանուն անվտանգ, փոխկապակցված և խաղաղ Հարավային Կովկասի», – հայտարարել է Հիքմեթ Հաջիևը։