Ռուսաստանի նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովին մասնակցելու հարցը դեռ քննարկման փուլում է։
Նա նշել է, որ ՌԴ արտաքին գործերի նախարարության մակարդակով նախապատրաստական աշխատանքներն ակտիվորեն ընթանում են։ Վերջերս Մայամի է այցելել նաև Սերգեյ Լավրովը։
Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանին լիովին բավարարում են G20-ի գագաթնաժողովի օրակարգի քննարկման ձևաչափն ու բնույթը։
«Շեշտը դրված է տնտեսության և այդ ոլորտում համագործակցության վրա, էժանագին քաղաքական շահարկումներ առայժմ չեն հնչել։ Ամբողջ քննարկումն ընթանում է գործնական և կառուցողական մթնոլորտում», – ասել է Ուշակովը։
Միևնույն ժամանակ Կրեմլի ներկայացուցիչը լրագրողներին խորհուրդ է տվել առայժմ կենտրոնանալ և ուշադիր հետևել Վլադիմիր Պուտինի՝ Շենժեն կատարելիք այցին և Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում նախատեսված հանդիպումներին։
«Դրանից հետո մենք ևս մեկ անգամ կգնահատենք իրավիճակը և որոշում կկայացնենք (Պուտինի՝ Մայամի մեկնելու վերաբերյալ)», – ասել է Ուշակովը։