Գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների իրավունքների հարցերով Կոպենհագենի գագաթնաժողով

Սկանդինավյան երկրների նախարարների խորհրդի (The Nordic Council of Ministers) հրավերով՝ Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը մասնակցում է նոյեմբերի 16-17-ը Կոպենհագենում անցկացվող Գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների իրավունքների հարցերով Կոպենհագենի գագաթնաժողովին։

 

Միջոցառմանը մասնակցում են տարբեր երկրների կառավարությունների, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքականություն մշակողներ և ոլորտի առաջատար փորձագետներ՝ օրակարգային թեմաների շուրջ միջազգային երկխոսության, առկա մարտահրավերների քննարկման և արդյունավետ փորձի փոխանակման նպատակով։

 

Գագաթնաժողովի շրջանակում նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է պանելային քննարկման՝ ներկայացնելով գենդերային հավասարության ապահովման, կանանց ու աղջիկների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև ընտանեկան բռնության կանխարգելման ուղղություններով ՀՀ կողմից իրականացվող քաղաքականությունն ու սահմանված առաջնահերթությունները։

 

Այս համատեքստում նախարարն ընդգծել է կանանց անվտանգության, տնտեսական անկախության, որոշումների կայացման գործընթացներում նրանց լիարժեք մասնակցության ապահովման կարևորությունը։ Արսեն Թորոսյանը խոսել է նաև ընտանիքում կանանց և տղամարդկանց դերերի հավասարակշռման անհրաժեշտության, ինչպես նաև երեխա ունեցող կանանց աշխատավայրում տրվող արտոնությունների, մայրության և աշխատանքի համատեղմանն ուղղված օրենսդրական կարգավորումների մասին։

 

Գագաթնաժողովի շրջանակում նախարար Թորոսյանը կարճատև զրույց է ունեցել Ֆինլանդիայի սոցիալական ապահովության նախարար Կարոլինա Պարտանենիի, Դանիայի աշխատանքի և գենդերային հավասարության նախարար Անե Հալսբոե-Յորգենսենի ու Մոլդովայի աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Նատալյա Պլուգարուի հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *