ՀՀ–ում կոսմետոլոգները կպատժվեն, եթե լիցենզավորված չլինեն. Անահիտ Ավանեսյան

Հայաստանում առանց համապատասխան լիցենզիայի բժշկական կոսմետոլոգիական ծառայություններ մատուցող անձինք և կազմակերպությունները կենթարկվեն պատասխանատվության։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հարցին։

Պատգամավորը բարձրացրել է կոսմետոլոգիական ծառայությունների ոլորտում վերահսկողությունը խստացնելու անհրաժեշտության հարցը՝ ընդգծելով, որ կարճաժամկետ դասընթացներ անցած անձինք չպետք է հնարավորություն ունենան առանց համապատասխան մասնագիտական որակավորման միջամտություններ կատարել և վտանգել քաղաքացիների առողջությունը։

Նախարար Ավանեսյանը պարզաբանել է, որ ցանկացած բժշկական ծառայություն մատուցելու համար կազմակերպությունը պարտավոր է ունենալ տվյալ գործունեության տեսակին համապատասխան լիցենզիա։

Միաժամանակ նա ընդունել է, որ գործող կարգավորումների բացերի պատճառով որոշ մասնագետներ հնարավորություն են ստանում իրականացնելու իրենց մասնագիտական իրավասություններից դուրս միջամտություններ։

Նախարարի խոսքով՝ առանց անհրաժեշտ լիցենզիայի բժշկական ծառայությունների մատուցումը ենթադրում է պատասխանատվություն, այդ թվում՝ տուգանքներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *