Նոյեմբերի 17-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում գոհունակությամբ անդրադարձ է կատարվել այս տարվա հուլիսին Ադրբեջանի նախագահի՝ Գերմանիա կատարած պաշտոնական այցին, դրա շրջանակում տեղի ունեցած հանդիպումներին և արդյունավետ քննարկումներին։
Կողմերն ընդգծել են այցի ընթացքում ստորագրված՝ Ադրբեջանի և Գերմանիայի միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին համատեղ հռչակագրի, ինչպես նաև ադրբեջանա-գերմանական գործարար խորհրդի ստեղծման և գործունեության մասին համատեղ հռչակագրի նշանակությունը երկկողմ համագործակցության ամրապնդման գործում։
Հանդիպմանը նշվել է երկու երկրների հարաբերությունների հաջող զարգացումը։ Քննարկվել են քաղաքական, տնտեսական, ներդրումային և գործարար ոլորտներում, ավանդական և այլընտրանքային էներգետիկայի, հաղորդակցությունների, տրանսպորտի, լոգիստիկայի, զբոսաշրջության և այլ ուղղություններով համագործակցության հարցեր։
Ընդգծվել է Ադրբեջանի «կարևոր ներդրումը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում»։ Նշվել է, որ այս տարվանից ադրբեջանական գազն արտահանվում է Գերմանիա։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Միջին միջանցքի զարգացման գործում Ադրբեջանի կարևոր դերին, Ադրբեջանի և Եվրամիության հարաբերությունների հեռանկարներին, միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությանը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։