Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան RT-ին մեկնաբանել է ֆրանսիական RFI ռադիոկայանի հրապարակումն Ուկրաինայում ֆրանսիացի զինծառայողների՝ Volia առաքելության շրջանակում գտնվելու մասին։ Նրա խոսքով՝ այդ տեղեկությունը Մոսկվայի համար անակնկալ կամ սենսացիա չէ, քանի որ Փարիզի անմիջական ներգրավվածությունը ուկրաինական հակամարտությանը վաղուց արդեն «բաց գաղտնիք» է։
«Ֆրանսիական RFI ռադիոկայանի հրապարակած տեղեկությունն` Ուկրաինայում «Volia» գործողության շրջանակում ֆրանսիացի զինծառայողների ներկայության մասին, մեզ համար անակնկալ կամ ինչ-որ սենսացիա չէր։ Փարիզի անմիջական ներգրավվածությունը ուկրաինական հակամարտությանը վաղուց արդեն «բաց գաղտնիք» է»,- հայտարարել է Զախարովան։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը բազմիցս մատնանշել է Ուկրաինայի տարածքում արևմտյան ռազմական փորձագետների, հրահանգիչների և վարձկանների, այդ թվում՝ Ֆրանսիայից ժամանածների ներկայությունը։
Զախարովայի խոսքով՝ Լեհաստանում անցկացվող «Կոալիցիա 2.0» լայնածավալ զորավարժությունները հաստատում են, որ Ֆրանսիան և «կամավորների կոալիցիայի» մյուս երկրները լրջորեն ռն տրամադրված են Ուկրաինայում բազմազգ ուժերի տեղակայման նախապատրաստմանը։
«Ներկայումս, ինչպես հայտնի է, Լեհաստանում անցկացվում են «Կոալիցիա 2.0» լայնածավալ զորավարժություններ՝ Ուկրաինայում «կամավորների կոալիցիայի» շրջանակում բազմազգ ուժերի տեղակայմանը նախապատրաստվելու նպատակով։ Այդ ուժերի հիմքը հենց ֆրանսիացիներն են։ Սա հաստատում է, որ Փարիզում և կոալիցիայի մյուս մայրաքաղաքներում բավական լուրջ են տրամադրված»,- RT-ին ասել է Զախարովան։
Ավելի վաղ RFI ռադիոկայանը հայտնել էր, որ ֆրանսիացի զինվորականները Volia առաքելության շրջանակում գաղտնի կերպով գտնվում են Ուկրաինայում առնվազն 2026 թվականի ամռանից։