Կարդինալ Գուջերոտին մտահոգություն է հայտնել Կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ ուղղված վերջին գործողությունների առնչությամբ

2026 թվականի նոյեմբերի 17-ին՝ երեքշաբթի, ժամը 15:30-ին, Արևելյան Կաթոլիկ եկեղեցիների քահանայապետական գրասենյակի նախագահ կարդինալ Կլաուդիո Գուջերոտի կարդինալը հանդիսավոր կերպով մուտք է գործել Սուրբ Հարության տաճար։

Կարդինալը նախ ժամանել է Երուսաղեմի Հին քաղաքի Յաֆֆայի դարպասի մոտ, որտեղ նրան դիմավորել են Երուսաղեմի քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչներն ու դիվանագիտական առաքելությունների անդամները։ Դիմավորման արարողությանը Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը ներկայացրել են Գերաշնորհ Տեր Թեոդորոս եպիսկոպոս Զաքարյանը, Սուրբ Աթոռի ավագ թարգման Հոգեշնորհ Տեր Վազգեն վարդապետ Ալեքյանը և երկու բարապան։

Այնուհետև հանդիսավոր թափորը շարժվել է դեպի Սուրբ Հարության տաճար, որի մուտքի մոտ կարդինալին դիմավորել են տաճարի երեք տեսուչները, որոնց թվում էր նաև Հայոց տեսուչ Հոգեշնորհ Տեր Ղևոնդ ծայրագույն վարդապետ Հովհաննիսյանը։

Կարդինալն աղոթել է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանի մոտ, ապա ներկաներին ուղղված իր խոսքում փոխանցել Հռոմի Սրբազան Քահանայապետի եղբայրական ողջույնը։

Այցի ընթացքում կարդինալ Գուջերոտին Գերաշնորհ Տեր Թեոդորոս եպիսկոպոս Զաքարյանի հետ զրույցում մտահոգություն է հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջև ստեղծված լարված իրավիճակի, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ ուղղված վերջին գործողությունների առնչությամբ։

Կարդինալ Կուջերոտին տասնամյակներ շարունակ սերտ կապեր է ունեցել հայ ժողովրդի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ։ Տիրապետելով հայերենին՝ թե՛ գրաբարին, թե՛ աշխարհաբարին, նա տարիներ շարունակ հայոց լեզու և գրականություն է դասավանդել Հռոմի Քահանայապետական արևելագիտական ինստիտուտում։ Նա բազմաթիվ հայագիտական ուսումնասիրությունների հեղինակ է, մասնավորապես՝ Հայ Եկեղեցու ձեռնադրության ծեսերի և Կիլիկյան շրջանի ծիսական ավանդույթների վերաբերյալ։

2024 թվականի փետրվարին կարդինալն այցելել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ Վեհափառ Հայրապետը բարձր էր գնահատել հայագիտության զարգացման գործում նրա ներդրումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *