Disney-ի հասույթը եռամսյակում աճել է 16%-ով․ ընկերությունը բովանդակության արտադրության համար 26 միլիարդ դոլար կհատկացնի

Ամերիկյան The Walt Disney Company-ն 2026 ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակում գրանցել է սպասվածից բարձր ֆինանսական արդյունքներ։ Ընկերության հասույթն աճել է 16%-ով՝ հասնելով 25.9 միլիարդ դոլարի, իսկ ճշգրտված շահույթը մեկ բաժնետոմսի հաշվով կազմել է 1.77 դոլար՝ վերլուծաբանների կանխատեսած 1.67 դոլարի դիմաց։

Աճին նպաստել են թեմատիկ զվարճանքների այգիների այցելությունների ավելացումը, հոսքային ծառայությունների զարգացումը և ESPN սպորտային հեռուստաալիքի դիտումների ռեկորդային ցուցանիշները։

Հատկապես լավ արդյունքներ է գրանցել Disney-ի ժամանցային ենթակառուցվածքների ստորաբաժանումը, որը ներառում է թեմատիկ այգիներն ու զբոսաշրջային նավերը։ Դրա հասույթն աճել է 15%-ով՝ հասնելով ռեկորդային 10.1 միլիարդ դոլարի, իսկ գործառնական շահույթն ավելացել է 20%-ով՝ կազմելով 2.25 միլիարդ դոլար։

Հոսքային ծառայությունների ուղղությամբ ընկերության հասույթը նույնպես զգալի աճ է գրանցել։ Disney-ի ժամանցային ստորաբաժանման ընդհանուր հասույթն ավելացել է 17%-ով՝ հասնելով 11.9 միլիարդ դոլարի, իսկ գործառնական շահույթը գրեթե կրկնապատկվել է՝ կազմելով 1.3 միլիարդ դոլար։

Սպորտային բիզնեսի հասույթն աճել է 16%-ով՝ հասնելով 4.6 միլիարդ դոլարի։ ESPN-ի դիտումների աճին նպաստել են ամերիկյան ֆուտբոլի NFL առաջնության և քոլեջների ֆուտբոլային մրցաշարերի հեռարձակումները։ Այս ստորաբաժանման գործառնական շահույթն աճել է 53%-ով՝ հասնելով շուրջ 1.4 միլիարդ դոլարի։

Դրական արդյունքների ֆոնին Disney-ը հայտարարել է, որ 2027 ֆինանսական տարում բովանդակության արտադրության համար նախատեսում է հատկացնել շուրջ 26 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա համեմատ ավելացնելով ծախսերը 9%-ով։ Լրացուցիչ միջոցները կուղղվեն միջազգային հեռուստատեսային և կինոնախագծերին, ինչպես նաև սպորտային հեռարձակման իրավունքների ձեռքբերմանը։

Միաժամանակ ընկերությունը նախատեսում է մինչև 2029 ֆինանսական տարվա ավարտը գործառնական ծախսերը նվազեցնել շուրջ 3 միլիարդ դոլարով։ Այս ծրագիրը ներառում է ծախսերի օպտիմալացում և կազմակերպական կառուցվածքի վերանայում։ Disney-ի տնօրենների խորհուրդը նաև հաստատել է տարեկան շահաբաժնի 33% բարձրացումը՝ մեկ բաժնետոմսի հաշվով հասցնելով 2 դոլարի։

2027 ֆինանսական տարվա համար Disney-ն ակնկալում է ճշգրտված շահույթի երկնիշ աճ, իսկ ստորաբաժանումների գործառնական շահույթի ընդհանուր աճը կանխատեսում է շուրջ 8% մակարդակում։

Ընկերության արդյունքները ցույց են տալիս, որ Disney-ի բիզնեսի հիմնական շարժիչ ուժերից մեկը շարունակում են մնալ թեմատիկ այգիները, հոսքային հարթակները և սպորտային հեռարձակումները։ Միաժամանակ ընկերությունը փորձում է հավասարակշռել բովանդակության արտադրության մեծ ներդրումները և ծախսերի կրճատման ծրագիրը՝ ուժեղ մրցակցության պայմաններում պահպանելով շահութաբերությունը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *