50 բուժհաստատություն վճարել է 10,4 մլրդ դրամով ավելի հարկ. նախարար

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը պետական բյուջեի համար ոչ միայն ծախսային բեռ է, այլև եկամուտների ապահովման արդյունավետ մեխանիզմ։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարի պարզաբանմամբ՝ պետության կողմից բժշկական ծառայությունների գնման համար ուղղվող գումարները բուժհաստատությունների շրջանառության և մուտքերի միջոցով հետագայում հարկերի տեսքով վերադառնում են պետական գանձարան։

«Այս տարի 50 բժշկական կազմակերպություն 10,4 միլիարդ դրամով ավելի շատ հարկ է վճարել։ Այս տարի երեք բժշկական կենտրոն հայտնվել է խոշոր հարկատուների շարքում»,- ընդգծել է Անահիտ Ավանեսյանը։

Նա նաև հավելել է, որ համակարգի ներդրումը զգալի ակտիվացրել է ներդրումային միջավայրը. մասնավոր բժշկական կենտրոնները խոշոր միջոցներ են ներդնում իրենց ենթակառուցվածքներն արդիականացնելու և ծառայությունների ցանկն ընդլայնելու ուղղությամբ։ Դրական տեղաշարժ է գրանցվել նաև բժիշկների և բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացման հարցում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *