Ֆուտբոլի ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խմբային փուլի (C2 խումբ) նախավերջին՝ 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը Կիպրոսի ընտրանու հետ։
Հանդիպման մեկնարկում Հայաստանի հավաքականին հաջողվեց գրավել մրցակցի դարպասը, սակայն մրցավարը չեղարկեց գոլը նախորդող դրվագում արձանագրված խախտման պատճառով։
Հյուրերն առաջ անցան հաշվի մեջ Երևանի «Փյունիկի» հարձակվող Յասոնաս Պիկիսի դիպուկ հարվածից հետո, որն իր նորամուտն էր նշում Կիպրոսի ազգային հավաքականում։
Երկրորդ խաղակեսում մեր ընտրանին ակտիվացրեց գրոհները, և Արթուր Սերոբյանի փոխանցումից հետո Արթուր Ղարիբյանը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։